Երեկ Ռուսաստանն ու Նիդերլանդերը գրեթե միաժամանակ հրապարակեցին Ուկրաինայի երկնքում խոցված Բոուինգի գործի փորձաքննության արդյունքները, որոնք խիստ մանրամասն ու դետալիզացված լինելով հանդերձ, այդուհանդերձ չտվեցին ոչ մի սպառիչ պատասխան այն հարցին, թե որտեղից և ում կողմից է խոցվել մալազիական ինքնաթիռը։
Փոխարենը, հայտնի է, թե ինչով են խոցել, որտեղից են խոցել, ինչպես է այդ հրթիռը շարքից հանել ինքնաթիռը և այլն։ Հիմա արդեն ակնհայտ է, որ ինքնաթիռը ոչնչացվել է ԲՈՒԿ Մ1 հակաօդային պաշտպանության համակարգով ու ռուսական լրատվամիջոցներում հայտնված վարկածը, որ ինքնաթիռը խոցել են կործանիչով՝ հաստատում չեն գտել կարծես։ Իսկ թե որ կողմն է արձակել այդ հրթիռը՝ անհասկանալի է մնում։
Նիդերլանդները ոչինչ չեն ասել այս առնչությամբ, իսկ ռուսական կողմն էլ հայտարարել է, որ դա նշանակություն չունի էլ մեծ հաշվով, որովհետև անկախ նրանից, թե ովքեր են եղել հրթիռ արձակողները՝ պատասխանատվությունն ընկնում է Ուկրաինական կողմի վրա, որի դիսպետչերները ուղղորդել են ինքնաթիռը մի տարածք, որտեղ դեռ օրեր առաջ հասցրել էին ռազմական թիրախներ խոցել և առհասարակ՝ Ուկրաինայի իշխանություններին, որովհետև վերջիններս պարտավոր էինփակել երկրի Արևելքի օդային տարածքը՝ նման միջադեպերից խուսափելու համար։
ԱՄՆ-ը իր կողմից շտապել է հայտարարել, որ Նիդերլանդների անցկացրած փորձաքննությունը հաստատում է իրենց վարկածը, իսկ ԱՄՆ-ը հենց հաջորդ օրն էր հայտարարել, որ ինքնաթիռը խոցել են ապստամբները, սակայն ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը չի կարողացել հստակեցնել, թե ինչպես կարող է զեկույց հաստատել, կամ էլ հերքել ԱՄՆ դիրքորոշումը, եթե այնտեղ ոչ մի բառ չի ասվում, թե ով է մեղավոր։
Մի խոսքով, ցավով կարելի է արձանագրել, որ կարծես թե ոչ մեկին չի հետաքրքրում ոչ ուղևորների ճակատագիրը, ոչ էլ ճշմարտությունը և ներգրավված բոլոր կողմերը այս ողբերգության համատեքստում կամ իրար մեղադրելով են զբաղված, կամ էլ պաշտպանվելով։ Հավանաբար, մարդկությունը երբեք էլ սպառիչ պատասխան չի ստանա, թե կոնկրետ ով ոչնչացրեց հարյուրից ավել մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռը։
No comments:
Post a Comment