Saturday, October 15, 2016

Ինչո՞ւ է 6 միլիոն դոլար հայտարարագրած պարոն Տարոնը բյուջեի հաշվին բիզնես դասով թռնում գոծուղման

Картинки по запросу տարոնՎերջերս կրկին ակտուալիզացվել են գործուղումների վրա բյուջեից հատկացվող անհարկի ծախսերի մասին քննարկումները, իսկ նորանշանակ վարչապետը նույնիսկ ասել էր, որ այդ ոլորտում պրիմիտիվ գողություն է կատարվում։ Եվ իսկապես, մի կարճ հայացքից պարզ է դառնում, որ մեր չինովնիկությունը չափի զագացումը լրիվ կորցրել է։ 

Օրինակ՝ երեկ կարդացի, որ պարզվում է, որ նախկին մշակութամայրը՝ Հասմիկ Պողոսյանը, վեջին երկու տարիների ընթացքում տասնյակ գործուղումների է մեկնել, ընդ որում, հաճախ՝ բիզնես դասով։ Նրա վոյաժների արդյունքում պետբյուջեից ծախսվել են տասնյակ միլիոն դրամ կազմող միջոցներ։ Արդյունքի մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետև միակ շոշափելի արդյունքը այդ միջոցների մսխումն է։

Այսօր էլ կարդում եմ, որ պարոն Տարոնն է Ռիգա մեկնել ու քաղաքապետարանը բիզնես դասի տոմսեր է ձեռք բերել 2,6 միլիոն դրամով։ Բնավ չցանկանալով սևեռվել կոնկրետ Տարոնի վրա, այդուհանդերձ, համարում եմ, որ նրա օրինակը շատ խորհրդանշական է։ Կա երկու հարց․

1․ Ինչո՞ւ պետք է հարկատուների գումարներից հավելյան միլիոններ վճարվեն ընդամենը քաղաքապետի մակարդակ զբաղեցնող պաշտոնյայի ավելորդ կոմֆորտի համար։ Այն էլ, երբ Տարոնը գնում էր Երևանի անվան այգու բացման տիպի անիմաստ միջոցառման մասին է խոսքը։ Ենթադրենք այդ այգին այդ աստիճան կարևոր էր։ Մի՞թե այն կչորանար, եթե պարոն Տարոնը էկոնոմ կլասով մեկներ այն բացելու։ 

2․ Ենթադրենք պարոն Տարոնը այնքան բարձրաշխարհիկ պահանջմունքներ ունի, որ իր կյանքը չի պատկերացնում էկոնոմ կարգում թռիչքներով, բայց մի՞թե նույն պարոն Տարոնը չէր, որ երկու տարի առաջ հայտարարգրել էր 6 միլիոն դոլար կազմով բանկային հաշիվ։ Ինչո՞ւ ինքը չի վճարում գոնե տարբերությունը էկոնոմ և բիզնես դասի թռիչքի տոմսերի համար։ Չէ՞ որ դա իր հարմարավետության հարցն է, ոչ թե պետական ու ազգային նշանակության հարց։ 

Կրկնում եմ, Տարոնը պարզապես մի կաթիլ է ծովում։ Պետք է առհասարակ հասկանալ, թե այդ ո՞ր արժանիքների համար այս կամ այն պաշտոնյան պետք է մեր հաշվին բիզնես դասով շրջագայի։ Շատ են ցանկանում բիզնես դաս, ապա թող իրենց գրպանից վճարեն դրա համար։ Անձամբ ես՝ որպես քաղաքացի, թերևս միայն նախագահի ու շատ-շատ վարչապետի օրինակների դեպքում մի տեսակ ամոթ կհամարեմ, եթե նրանք էկոնոմ դասով շրջագայեն, իսկ մնացած ՑԱՆԿԱՑԱԾ պաշտոնյա պարզապես չունի այն մասշտաբը ու կարևորությունը, որ նման հավելյալ բեռ դնի առանց այն էլ դեֆիցիտային մեր բյուջեի համար։ Երբ այնքան արդյունավետ կդառնան, որ ալամ աշխարհից վարկերի հույսին չի մնա մեր բյուջեն, նոր կքննարկենք այդ արդյունավետ պետպաշտոնյաներին հավելյալ կոմֆորտ ապահովելու հարցը, իսկ այժմ նման շռայլությունները ցինիզմ են ու լկտիություն։

Friday, October 14, 2016

Հրանուշ Հակոբյանը ասում է, որ չի հասկանում, թե ինչու ինքը չպետք է լինի նախարար․ օգնենք նրան, որ հասկանա

Картинки по запросу հրանուշ հակոբյանՍփյուռքի պանծալի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում գանգատվում էր, որ չի հասկանում, թե ինչու են մարդիկ իրենից դժգոհ ու չեն ուզում իրեն տեսնել սփյուռքի նախարարի պաշտոնում։ Չէ՞ որ, ըստ տիկին Հրուշի, ինքն այս տարիների ընթացքում չի եղել ներգրավված կոռուպցիոն սկանդալներում, հանցագործություններ չի գործել ու իր վրա դրված պարտականությունները մշտապես կատարել է հավուր պատշաճի, համենայն դեպս, այդպես է պնդում ինքը՝ Հրանուշ Հակոբյանը։ 

Դե ի՞նչ, գուց մարդն անկեղծորեն չի հասկանում, թե ինչու է ինքը Հայաստանի ամենաչսիրված քաղաքական ֆիգուրներից մեկը և պետք է օգնել նրան։ Թվենք մի քանի պատճառներ։

1․ Հրանուշ Հակոբյանը արդյունավետ նախարար չէ։ Դրանում նրա մեղավորությունը մեծ էլ չէ այն պարզ պատճառով, որ դժվար ու նույնիսկ անհնար է լինել արդյունավետ նախարար մի նախարարությունում, որն ի սկզբանե չի կարող արդյունավետ լինել։ Սփյուռքի նախարարության պես անիմաստ պետական գերատեսչություն ավելի դժվար է մտածել, իսկ եթե սրան էլ հավելում ենք այն, որ տիկին Հակոբյանը մեծապատիվ մուրացկանությունից ու պատ ծակող մուննաթից բացի, կարծես էլ ոչ մի գործառույթ չի պատկերացնում իր համար, զարմանալի չէ, որ նա ամենաչսիրված նախարարների թվում է հայտնվել։

2․ Հրանուշ Հակոբյանը ենթադրում է, որ մարդիկ քննադատում են իրեն իր նիստուկացի ու քայլելու ձևի համար։ Սա ճիշտ է, բայց ճշտի միայն կեսն է։ Եկե՛ք վերաձևակերպենք այս միտքը։ Տիկին Հակոբյանը չունի ու երբեք չի ունեցել նախարարին հարիր խոսք, շարժուձև, էթիկետի նորմեր ու կուլտուրա, թեև նա դեռ ԽՍՀՄ տարիներից զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ։ Դրա արդյունքում հաճախ ենք տեսնում նկարներ ու հոլովակներ նրա մասնակցությամբ, որոնք այնքան սյուռ են, որ ամիսներով կարող է ֆեյսբուքյան մեմերի, կատակների ու ցասումնալից մեկնաբանությունների աղբյուր դառնալ։

3․ Հրանուշ Հակոբյանը՝ որպես հռետոր, տարերային աղետ է։ Դժվար է հիշել մի այնպիսի ելույթ նրա կատարմամբ, որը չի հանգեցրել համաժողովրդկան ցասման, իսկ նրա ֆիասկոների կուլմինացիան, անկասկած, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում տիկին Հակոբյանի դարակազմիկ ելույթն էր, որում նա ուլտիմատիվ պահանջում էր 1000-ական դոլար դնել հայաստանյան բանկերում ու ոչ այնքան կոռռեկտ արտահայտություններ արեց System of a Down-ի հասցեին։

4․ Հրանուշ Հակոբյանն ու իր գերատեսչությունը ոչ մի լուրջ ծրագիր հաջողությամբ չեն հասցրել տրամաբանական ավարտին, իսկ այն ծրագրերն էլ, որոնք քչից-շատից արվում են, ավելի շատ հարցեր են առաջացնում, քան օգուտ են բերում։

5․ Վերջապես, ո՞վ է Հրանուշ Հակոբյանի թիրախային խումբը։ Սփյուռքը, այդպես չէ՞։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Սփյուռքում տիկին Հրուշին տանել չեն կարողանում։ Միանշանակ կարող ենք։ Քանի՞ գրոշ արժի այն նախարարը, որը վայելում է իր թիրախային խմբի ու ոչ միայն այդ խմբի հերակշիռ մասի ատելությունն ու հակակրանքը։ 

Thursday, October 13, 2016

Արա Աբրահամյանի հերթական լեզվաբանական փայլատակումը

Картинки по запросу արա աբրահամյանՖիլոսը կրկին փայլել է հայոց և ռուսաց լեզուների իր իմացությամբ։ Ահա թե ինչ է ասել ալամ աշխարհի հայերի միության նախագահը այսօր՝ ԵՊՀ-ում ինչ-որ անկա միջոցառման շրջանակներում։
«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած... մենք որպես ասենք առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»:
Կարդալով այս փառահեղ պարբերությունը, ես միայն երկու հավանական բացատրություն ունեմ․

1․ Արա Աբրահամյանն առաջին մահկանացուն է, ով կարողանում է խոսել այնպես, ինչպես Google Translate ծրագրի անհաջող թարգմանություններն են լինում։ Ընդ որում՝ երկու լեզվով։

2․ Արա Աբրահամյանն այդպես էլ չհասկացավ, որ ինքը ծաղրի առարկա է դարձել ու մեծ հաշվով դա տեղի է ունեցել նրա համար, որ միլիոնների մեջ լողալով, մարդը փող է ափսոսում տրամադրել գոնե լեզուներից մեկը մարդավարի սովորելու վրա։

Ինձ համար միստերիա է, թե ինչպես է այս մարդը հաջողությունների հասել ու միլիոնավոր դոլարներ հաշվող կարողություն դիզել, բայց հարցը դա չէ։ Հարցն այն է, որ այս ամենն արդեն ծիծաղելու էլ չէ, որովհետև խայտառակություն է։ Այս մարդով Ռուսաստանում պատկերացում են կազմում հայերիս մասին, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի հայերի մասին, և այդ կարծիքը միանշանակ լավը չէ։ Ու պատճառը այս ամենի նրանում է, որ մարդը կամ այնքան թամբալ է, որ ալարում է ինքնակրթությամբ զբաղվել, կամ էլ այնքան քծիբ է, որ գումար է ափսոսում՝ համապատասխան մասնագետներ վարձելու համար։

Tuesday, October 11, 2016

Վազգեն Սարգսյանի՝ մարդասպանություն պատվիրելու համար դատված և ալան-թալանի համար հայտնի եղբորը որևէ պաշտոն վստահելը սխալ է

Картинки по запросу Արմեն ՍարգսյանՄիանգամից հայցում եմ Վազգեն Սարգսյանի անվան կրոնա-սպարապետական կուլտի հետևորդների ներողամտությունը, բայց քանի որ տպավորություն կա, որ սկսվել է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի լոբբինգը, հարկ եմ համարում հիշեցնել մի շարք նյուանսներ, որոնք աստիճանաբար ջնջվում են ժողովրդի գիտակցությունից ու ջնջվում են այդ թվում նաև վերոնշյալ կրոնա-սպարապետական կուլտի գործունեության արդյունքում։

Չգիտեմ, թե որքանով են հավաստի խոսակցությունները, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է դառնալ Պաշտպանության փոխնախարար, այն էլ՝ մատակարարման գծով, բայց ես ոչ միայն դեմ եմ, որ ոչ ավել, ոչ պակաս ՊՆ փոխնախարարի, այլ ցանկացած պետական պաշտոն՝ նույնիսկ ամենաշարքային մակարդակի։ Ընդհանրապես, այս հերոսական շորշոփը, որը տարիներ շարունակ կերտում են Վազգենի անվան շուրջ, «փոշի է դրել» նրա եղբայրների վրա ու շատ մարդիկ մոռանում էլ են, թե նույն Արմեն Սարգսյանն ինչ «հերոսությունների» համար էր հայտնի ժամանակին։

Նախ, չե՞ք մոռանում, չէ՞, որ Արմենին դատել են ու նա պատիժ է կրել ազատազրկման վայրերում մարդասպանություն պատվիրելու համար։ Նրա մեղքն ապացուցվել է ու նրան ոչ ոք չի արդարացրել, պարզապես Սերժ Սարգսյանի որոշումով նրան ներում շնորհվեց։ Իսկ դատել էին Տիգրան Նաղդալյանի գործով, և բերեք չմոռանանք, որ ինքը՝ Արմենը, երբեք առանձնապես չի էլ փորձել հերքել իր մեղավորությունը, եթե անգամ մի կողմ ենք դնում ուժի մեջ մտած դատավճռի գոյության փաստը։

Մեկ այլ՝ ոչ պակաս հատկանշական դրվագ․ Վազգենի գովքը անողները հաճախ են սիրում կրկնել մի պատմություն, որը հրաշալի բնութագրում է Արմենին։ Ընդ որում, այս պատմությունը պատմվել է նաև հեռուստաեթերով։ Հիշո՞ւմ եք, որ Վազգեն Սարգսյանի վճռականությունն ու ռեֆորմները կյանքի վերջին ամիսներին բնութագրելու համար, հաճախ հիշում են, թե ինչպես էր նա ստիպել սեփական եղբորը (այո-այո՝ Արմենին) վերադարձնել բանկից վերցրած վարկը, որը նա համառորեն չէր ցանկանում տալ։ Միշտ էլ մի տեսակ տարօրինակ է եղել, թե ինչպես են նման ցայտուն դետալով փորձում հերոսացնել Վազգենին, երբ նման բեսպրեդել նրա եղբոր կողմից հնարավոր էր դարձել հենց Վազգենի շնորհիվ, բայց այս կոնկրետ թեմայում դա սկզբունքային էլ չէ։ Սկզբունքայինն այն է, որ 90-ականներին Արմեն Սարգսյանը ոչ 1, ոչ էլ 10 նման դրվագներում է աչքի ընկել և չափազանցություն չի լինի ասելը, որ ալան-թալանի գործով նա մեծ վարպետ է եղել։

Ու հիմա, ինչ էլ ուզում է լինի, չի կարող լինել մի այնպիսի իրավիճակ, երբ ես կուզենամ նման կասկածելի որակների տեր մարդուն տեսնել պետական կառավարում իրականացնելիս։ Թողեք 90-ականների մտածելակերպով մարդիկ մնան 90-ականներում էլի, պետք չէ ռեինկարնացնել նմաններին, այն էլ՝ ոչ թե իրենձ անձնական արժանիքների, այլ սպանված եղբոր հիշատակին հագուրդ տալով։ 

Monday, October 10, 2016

ՀՀԿ-ի զոռբայությունը լեգիտիմացնում է Սասնա Ծռերին, Հայոց Վահանին, ներկայի ու ապագայի բոլոր մյուս ծայրահեղականներին

ՀՀԿ-ն հերթական անգամ թույլ չտվեց, որպեսզի ժողովրդական կամարտահայտումը հաղթի քյարթիզմն ու քաղաքական զոռբայությանը։ Ըստ էության, բնավ էլ անակնկալ չէր ու ողջ հարցը նրանում էր, որ թե Մարուքյանին աջակցություն հայտնած 18 հոգուց քանիսը կպառկի ՀՀԿ-ի տակ։ Ու նույնիսկ էական էլ չէ, թե կոնկրետ ովքեր էին այդ 4 Հուդաները։ Էականն այն է, որ ՀՀԿ-ն հերթական անգամ ապացուցեց, որ ճիշտ են նրանք, ովքեր մեղադրում են ՀՀԿ-ին նրանում, որ անհնար է օրենքով ու արդարությամբ հաղթել ընտրություններում։

Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն Գյումրիում ու հատկապես Վանաձորում տոնեց մարտավարական հաղթանակներ, բայց կրեց ռազմավարական պարտություն, որովհետև լեգիտիմացրեց ընդդիմության ռադիկալ հոսանքներին ու ցեխը մտցրեց ցիվիլ, կամ էլ, եթե կուզեք, ինստիտուցիոնալ համակարգային ընդդիմությանը։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու էր պետք այս զոռբայությունը, ինչ բացարձակ առաջնահերթություն ունի Վանաձորի քղաքապետի կուսակցական պատկանելությունը։ Մի՞թե նախորդ քաղաքապետը կրկին հանրապետական չէր։ Բայց դա չէր խանգարում, որպեսզի իշխանությունները մշտապես պարտություններ կրեին ընտրություններում։

Հետևաբար, սա իրոք պարզապես լոկալ հաղթանակ էր՝ ՀՀԿ-ի համար ու այդ հաղթանակի արգասիքները դեռ մեծ հարց է, թե ինչպիսին են լինելու։ Կրկնում եմ, չգիտեմ, թե կոնկրետ ինչ առավելություն է տալիս ՀՀԿ-ական քաղաքապետ ունենալու փաստը, բայց վաղը, երբ հերթական զինված խումբը ծագի ու էլի կրկնի Սասնա Ծռերի թեզերը, ապա այս անգամ նրանց համակրողների թիվը էլ ավելի շատ է լինելու։ Իսկ դա արդեն համապետական մասշտաբի ռիսկ է։ Մի ռիսկ, որից կարելի էր խուսափել՝ պարզապես հրաժարվելով զոռբայություն անելու կուլտուրայից։ Չեմ էլ ասում ամբողջապես, այլ գոնե լոկալ մասշտաբով, բայց պետք էր զերծ մնալ նման քայլից։

Մամիկոն Ասլանյանին էլ շնորհավորել չեմ կարող, քանի որ անկախ նրա անձնական մեղավորության չափից, պիտակավորվելու է հենց նա ու երբեք նա չի կարողանալ ազատվել զոռբայությամբ քաղաքապետի պաշտոնը կորզածի պիտակից։