Wednesday, October 25, 2017

Ավելի լավ է ռուսերեն վատ խոսող ու իրանական գազ բերող Հովիկ Աբրահամյան, քան ռուսերեն լավ խոսող ու ««Գազպրոմի» մարիոնետ» Կարեն Կարապետյան

Մենք երեկ ականատես եղանք մի պարզունակ ու նույնիսկ պրիմիտիվ բլեֆի՝ «Գազպրոմի» ղեկավար Միլլերի կատարմամբ, ով փորձեց որպես մեծագույն ձեռքբերում ու երկնքի մանանա մատուցել այն փաստը, որ այս տարի ևս Հայաստանի Հանրապետությունը գազը ստանալու է 150 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Միլլերը ստում է։ Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը գազը չի ստանում 150 դոլարով։ 150 դոլարով ստանում է 100%-ով նույն «Գազպրոմի» սեփականությունը հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը վերջնական սպառողին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը, այն մատակարարում է կրկնակի թանկ, ասել է, թե՝ եվրոպական գներով։ Երկրորդ՝ ներկայացնել սա որպես ձեռքբերում և արդյունք նույնն է, ինչ մի մարդ մյուսին հայտարարի, որ այն փաստը, որ ինքը չի ապտակելու նրան, մեծ ձեռքբերում է ու բարեկամության նշան։

Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ նա գոնե տեսականորեն պետք է դժգոհ լիներ, քայլեր ձեռնարկեր, առարկեր, վերջիվերջո, ոչինչ չէր անում երեկ՝ բացի ժպտալուց ու Մեդվեդևի հետ խունջիկվելուց։ Այդ մարդը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր, ով, կարծես, չի էլ հասկացել դեռ, որ այլևս Գազպրոմ բանկի փոխնախագահը չէ, այլ հենց ՀՀ վարչապետն է։

Ակամա զուգահեռներ են առաջանում. մի կողմից ունենք ռուսերեն շատ վատ խոսող Հովիկ Աբրահամյան, ում օրոք իրանական գազի բաժինը ՀՀ-ում հասել էր 19 տոկոսի։ Մյուս կողմից ունենք ռուսերեն բավականին լավ խոսող, բարետես նոր վարչապետ, ում օրոք գազի կորուստները «Գազպրոմ Արմենիայի» կողմից արդեն անցել են 30 տոկոսը, իրանական գազի բաժինն իջել է 3 տոկոսով և ով ոչ միայն չի փորձում որևէ կերպ հակասել ռուս կոլեգային ու յուր պատվիրակության անդամներին, այլև պարբերաբար փորձում է հիմնավորել, որ Հայաստանում սպառողի կողմից գազի համար վճարվող եվրոպական գինը միանգամայն արդարացված է ու ռացիոնալ։

Ստեղծված իրավիճակում, եթե հիպոթետիկ հանձնարարական լիներ՝ ասելու, թե որն է ավելի լավ ու նպաստավոր Հայաստանի համար՝ ռուսերենի վատ իմացությամբ, բայց ինչ-որ բան անել փորձող Աբրահամյանը, թե էֆեկտային պիջակներով ու սահուն ռուսերեն խոսող, բայց ռուսներին բացառապես ռևերանսներ անող Կարապետյանը, կարծում եմ՝ ընտրությունը բարդ չէր լինի ու հօգուտ Կարապետյանի չէր լինի։

No comments:

Post a Comment