Monday, March 27, 2017

Ի՞նչ են ծխում ՕՐՕ-ում, կամ «անձնական կարծիքների» հերթական տարափը

Картинки по запросу ՕՐՕՍամվել Բաբայանի վրա դեռ չէին հասցրել ձեռնաշղթաներ հագցնել, իսկ ՕՐՕ-ն ու դրա հարակից ռեսուրսներն արդեն ինչքան ուժ ունեին աղաղակում էին քաղաքական հալածանքների ու հետապնդումների մասին։ Ավելին՝ արդեն դարձրել են իրենց քարոզչական մեխը։ Թե բա տեսեք-տեսեք, քանի որ ՀՀԿ-ն մեզ այսպես հալածում է, հետևաբար մենք իսկական ընդդիմություն ենք ու ամենաշատը մեզանից են սարսափում։

Բայց արի ու տես, որ խիստ ընդդիմական այս օպերան հարամեցին սկզբում դատախազությունից, որտեղ հայտարարեցին, որ Սամվել Բաբայանը ընդունել է իրենց մեղսագրվող մեղադրանքները, իսկ հետո էլ՝ Բաբայանի փաստաբաը, ով հայտարարեց, որ Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում և չի կարելի սա քաղաքական հետապնդում անվանել։ Համենայն դեպս՝ գործի այս փուլում։

Եթե միամիտ ռոմանտիկ եք, ապա կարող եք ակնարկել, որ ՕՐՕ-ում խելքի կգան ու կհերքեն իրենց շտապողական հայտարարությունները, բայց եթե քիչ ավելի պրագմատիկ եք ու ծանոթ եք այս անհասականալի քաղաքական միավորի դիրիժորների ու խաղացողների ձեռագրերին, ապա լավ էլ հասկանում եք, որ ոչինչ էլ չեն անի ու կշարունակեն նույն ոգով։ Ի վերջո, դեռ ԲՀԿ-ական անցյալից մի ունիվերսալ տրյուկ են սովորել․ ասա ցանկացած բան, իսկ եթե համը սկսի դուրս գալ, ասա, որ դա քո մասնավոր կարծիքն էր։

Ցանկացած նորմալ երկրում ու նորմալ հասարակությունում այս ողջ պատմությունը մի հատ յուղոտ-թոթոլ վերջակետ կնշանակեր տվյալ կուսակցության քաղաքական ապագայի վրա, էլ չասեմ՝ դրա առաջին դեմքերի մասով, բայց քանի որ սա Հայաստանն է, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Պարզապես ՕՐՕ-ն սահուն կերպով կլրացնի Հիմնադիր Խորհրդարանի խոպան մնացած տեղը (վերջինիս՝ ահաբեկչական կառույց դառնալու հետևանքով ազատված) ու կշարունակի նույն իրարամերժ ու աբսուրդային ոգով գործունեությունը։ Ռուսը ասում է՝ свято место пусто не бывает...

Մի խոսքով, սիելի հայրենակիցնե՛ր, Հայաստանում ընտրություններ էին ու էլ ոչ ոք չէր զարմանում, երբ դրա մասնակից ուժերը դրսևորում էին թունդ թմրամոլի հոլյուցինոգեն վարք։

Tuesday, March 21, 2017

Պետրոսի մոտ ՀԱԿ-ը, Ազատ Դեմոկրատներն ու Ելքը լիարժեք ցուցաբերեցին իրենց գաղափարական սնանկությունը

Մի անմոռանալի քաղաքական բենեֆիսի ականատես եղանք երեկվա «Ուրվագծում»։ Ստացված պատկերն այնքան ողբերգական էր, որ անգամ ծիծաղելի էր։ Երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը իրեն ընդդիմադիր է հռչակել, իրար հոշոտում էին այնպես, ինչպես ոխերիմ թշնամիները անգամ չէին անի։

Հիմա ֆեյսբուքյան հանրությունը դրած քննարկում է հաղորդման էմոցիոնալ բաղադրիչը, ինչը, ըստ իս, երկրորդական հարց է, որովհետև նախևառաջ սա առհավատչյան էր այն գաղափարական սնանկության, որը պարուրել է ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Այո՛, կարելի է մեղադրել ՀԱԿ-ի ներկայացուցչին բառիս բուն իմաստով ոչ ադեկվատ ագրեսիվ վարքի մեջ (լարվածությունից խաղացող հայացքը վկա), բայց մի՞թե Ստյոպա Սաֆարյանը, կամ էլ Ալեն Սիմոնյանը պակաս էին անձնավորում։ Հետո՞ ինչ, որ դա ի պատասխան էր արվում։ Միևնույն է, որովհետև ստացվում է, որ ՀԱԿ-ից Նարեկ Սարգսյանը թելադրեց բանավեճի ձևաչափն ու պլինտուսի մակարդակը, նրանք էլ ընդունեցին այդ կանոնները ու մինչև վերջ դրանցով խաղացին։ Այնպես որ, բերեք լինենք անկեղծ․ անձնավորումների ու փոխադարձ վիրավորանքների առումով երեքն էլ միմյանց արժանի էին։

Միևնույն ժամանակ, եթե փորձենք փոխադարձ վիրավորանքների ու անձնավորված բույթի ռեպլիկներից զատ, առանձնացնել կուսակցությունների ծրագրային դրույթների վերաբերյալ հարցադրումներն ու մեկնաբանությունները, ապա տեսնում ենք, որ մեկը մյուսից անմեղսունակ են ցանկացած լուրջ բանավեճի համար։ ՀԱԿ-ի ներկայացուցիչը տեղում շշեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ու ավելի կշշեր, եթե աչքերը պլշած Ստյոպայի դեմքին թռնելու փոխարեն պարզապես նշեր, որ ԵԱՏՄ-ից ու ընդհանուր տնտեսական գոտուց դուրս գալը հղի է ֆատալ անդառնալի հետևանքներով մեր տնտեսության համար, անգամ եթե Ռուսաստանը չփորձի ոչ մի քաղաքական շանտաժի դիմել, որովհետև հենց հաջորդ օրը գազի գինը 150 դոլարից դառնալու է ասենք 450 դոլար, բայց դե էլի հերիք էր։ Կարող ենք արձանագրել, որ ոչ Ստյոպան, ոչ Ալենը ասելիք չունեին սրա շուրջ։

ՀԱԿ-ի Նարեկն էլ իր հերթին շշվեց այն պահին, երբ էլի սկսեց հող հանձնելուց։ Ախր պարոնայք ՀԱԿ-ականներ, այն, ինչ ասում է Տեր-Պետրոսյանը, շատ ավելի փափուկ է ու քողարկված երկիմաստ եսսիջներով, քան դուք, բայց անգամ դա հերիք էր, որ ժամանակին իրենց գահից գցեին։ Դուք անգամ այդ դիվանագիտությանը չեք դնում ու բացեյբաց հայտարարում եք, որ հող հանձնելը անհրաժեշտ է, իսկ ձեր տրամաբանությունը խարսխված է միայն մի բանի շուրջ, որ Ադրբեջանը պատրաստ է բավարարվել փոխզիջումով ու մի քանի ու թեկուզ բոլոր 7 շրջանների վերադարձով, ինչի օգտին խոսացող ոչ մի իրական փաստ չունեք ձեռքի տակ։ Ձեր համար միակ իրական փաստը այն է, որ Լևոն պապին ասել է, որ Ալիևը ռացիոնալ գործիչ է, ուստի չի կարող չհամաձայնվել։

Մի խոսքով, ընդամենը երկու ծրագրային դրույթ քննարկեցին, բայց կարողացան այդ երկու կետերով տոտալ ոչնչացնել միմյանց։ Կեցցեն բանախոսները, որովհետև ազնվորեն ի ցույց դրեցին այն անմխիթար վիճակը, որում գտնում է ոչ միայն ընդդիմությունը, այլ ամբողջ հասարակությունը ու մարդկանց քաղաքական գիտակցությունը։


Wednesday, March 15, 2017

Միհրան Պողոսյանը հարամում է ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը

Картинки по запросу Միհրան ՊողոսյանՀայաստանում ընտրական պրոցեսսները միշտ էլ հեռու են եղել դասական կուլտուրայից, իսկ ՀՀԿ-ում՝ առավել ևս։ Ըստ էության՝ ՀՀԿ-ում գործել և գործում է հետևյալ մոդելը․ բոլորը փող են հավաքում, որը ծառայեցվում է ընդհանուր շահին և գումարած դրան՝ այն միջոցները, որոնք ծախսում են մեծամասնական, իսկ հիմա՝ ռեյթինգային թեկնածուները։ Արդյունքում, առանձնակի ադիոզ դեմքերի ծախսած գումարները ավելի շատ են լինում և դրանց հաշվին վճարվում են ընտրակաշառքներ և այլ ստվերային ծախսեր։

Արդյունքում, ծխսերի բեռը ընկնում էր օլիգարխ թևի վրա ու օրինակ՝ Լֆիկը տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ գումար է հատկացնում, քան Կարեն Բոցավառը։ Այս ընտրություններին նույն կարգավիճակում է Միհրան Պողոսյանը, բայց խնդիրը նրանում է, որ այս ընտրարշավը սովորական չէ։ Պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ամենայն լրջությամբ է տրամադրված իր ռեբրենդինգի հարցում ու այդ ռեբրենդինգի դրական էֆեկտները արդեն զգացնել են տալիս։ Եթե չլինեն էական շեղումներ ու խոչընդոտներ, ՀՀԿ-ն ռեալ հնարավորություն ունի առանց լուրջ կեղծարարություններ անելու՝ ամենամեծ տոկոսը հավաքելու, որը սակայն չի գերազանցի 50 տոկոսի շեմը։ Դրան նպաստում են Կարեն Կարապետյանի գործոնը, առաջին տասնյակի դեմքերի մեծ մասը որակը, ճիշտ քարոզարշավը և ինչո՞ւ ոչ՝ հակառակորդների բացարձակ տափակ ռազմավարությունը։

Սակայն, գնալով ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ի նոր կուրսին հայտնվել է խոչընդոտ, որը գնալով ավելի ու ավելի լրջանում է։ ՀՀԿ-ի նոր կերպարի դյուրամարսությունը ի սպառ հարամվում է ու դա՝ առավելապես Միհրան Պողոսյանի գործոնի շնորհիվ։ Ու սույն պարոնը հաջողացրել է այնպես անել, որ իր նկատմամաբ հակակրանքը հասել է տիեզերական մասշտաբների ու գրեթե ամբողջովին պրոյեկտվում է այն կուսակցության վրա, որը այն ներկայացնում է։ Այն աստիճան, որ նույնիսկ կուսակիցներն են արդեն հրապարակայնորեն քննադատում ու իրենց տհաճությունը ցուցադրում։

Իհարկե, Միհրանը կլորիկ գումար է մուծվել «օբշչակ» ու էլ ավելի կլորիկ գումար էլ տրամադրելու է ռեյթինգայինով ոնցնելու համար, բայց ողջ խնդիրը նրանում է, որ եթե այսպես շարունակվի, ապա Քեթրինի Միհրանի ողջ կարողությունը չի բավականացնի, որպեսզի չեզոքացնի այն վնասը, որ պատճառում է ՀՀԿ-ին՝ այս ընտրությունների համատեքստում։ Եվ այս ամենը չեն կարող չհասկանալ Հանրապետականում։ Ողջ հարցը նրանում է, թե այնուամենայնիվ ի՞նչ կորոշեն․ որ գետանցման ժամանակ Միհրաններին ձիերին չե՞ն փոխում, թե՞, որ այնուամեանյնիվ փողը ավելի կարևոր չէ, երբ բերում է ավելի թանկարժեք կապիտալի կորուստի։

Monday, March 13, 2017

Նախընտրական քարոզարշավի թոփ 5 ամենահիմար խոստումները

Картинки по запросу выборы карикатура
Արդեն ամենայն պատասխանատվությամբ կարելի է պնդել, որ ավելի անբովանդակ թեզերով գերհագեցած նախընտրական արշավ չէր եղել։ Քաղաքական ուժերը, միմյանց հերթ չտալով, հանդես են գալիս գնալով ավելի ու ավելի տաղտկալի և անիրատեսական խոստումներով, որոնք ավելի աչալուրջ ուսումնասիրության դեպքում ակնհայտորեն պետք է ընկալվեն, որպես խիստ վնասակար նախաձեռնություններ։ Փորձենք առանձնացնել թոփ 5 ամենահիմար ու իրագործվելու դեպքում՝ խիստ վնասակար խոստումները։

Խաղաղություն՝ հողերի դիմաց

Դժվար է հասկանալ, թե ինչ բորբոքված երևակայությունում կարող էր ծագել պարտվողական բնույթի թեզերը ընտրարշավի մեխ դարձնելը, բայց ՀԱԿ-ում հենց դա էլ արել են։ Ըստ էության, ՀԱԿ-ի քարոզարշավի գլխավոր խոստումը խաղաղությունն է, որը, չգիտես, թե ինչու, հնարավոր է միայն ու միայն հողերը հնարավորինս շուտ հանձնելու պարագայում։ Ընդ որում, չի բացատրվում, թե ինչից է բխում այն եզրահանգումը, որ հենց հողերը վերադարձնենք, Ադրբեջանը միանգամից խաղաղվելու է ու բարիդրացիական հարաբերությունների է ձգտելու, իսկ «հող հանձնողի» պիտակը ավելի դյուրամարս դարձնելու համար, ՀԱԿ-ում որոշել են ևս մի նոու-հաույի դիմել և ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ հայոց պատմության ամենամեծ հող հանձնողը Տիգրան Մեծն է եղել, ով հրաժարվել էր իր բոլոր արտաքին նվաճումներից։ ՀԱԿ-ում հավանաբար չեն հասկանում, որ Տիգրան Մեծի վեհությունը դրանում չի կայանում, իսկ այդ որոշումը ոչ թե բարի կամքի դրսևորում էր, այլ Հռոմին պարտված պատերազմի արդյունքում կնքված կապիտուլյացիայի հետևանք։

Հանենք արագաչափերն ու կարկիր գծերը

Միանգամից հարց է առաջանում, թե ինչու։ Ու եթե կարմիր գծերի մասով դեռ կարելի է քննարկել դրանց նպատակահարմարությունը, ապա արագաչափերի պարագայում բացարձակապես հնարավոր չէ հասկանալ դրանցից հրաժարվելու նպատակահարմարությունը։ Թե՛ կարմիր գծերը, թե՛ արագաչափերը ներկայումս իրենց ամբողջ շահույթը ուղղում են դեպի պետբյուջե, իսկ մենք խոսում ենք միլիոնավոր դոլարների մասին։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ աղբյուրներից են պատրաստվում կոմպենսացնել պատճառված վնասը, էլ չխոսենք այն փաստի մասին, որ եթե չես ուզում արագաչափի կողմից տուգանվել, ոչ թե արագաչափն է պետք հանել, այլ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Դուրս գանք ԵԱՏՄ-ից ու մտնենք ԵՄ

Այս փառահեղ հիմարության ջատագովը Ազատ Դեմոկրատներն են։ Մարդիկ միանշանակորեն պայքարելու են ԵԱՏ-ից դուրս գալու համար ու մտնելու են ԵՄ; Ընդ որում, պարոնայք չեն էլ մանրանում, թե ինչպես են պատրաստվում գլուխ դնել անխուսափելի տնտեսական հետևանքների հետ, որոնցով հղի է ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Օրինակ՝ ոչ մի հոդաբաշխ խոսք չկա, թե ինչպես են պատրաստվելու վճարել գազի այն սակագինը, որը անմիջապես կսահմանվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի համար։ Գազը փառք է, մնացած բոլոր ներկրվող ու արտահանվող ապրանքների ճակատագիրը, մեղմ ասած, մշուշոտ է, բայց դե ի՞նչ էական է դա։ Չէ՞ որ նախընտրական շրջանում արված մուտիլովկան բարի ավանդույթ է։ Դե ԵՄ-ին անդամակցելու մասով ավելի լավ է լռենք, որովհետև այս թեզը ամենաշատը կզարմացնի պաշտոնական Բրյուսելին, ով անգամ օրակարգում չունի ՀՀ-ին ԵՄ անդամ դարձնելու հարց։ Մինիմալ գիտելիքներ ունեցող մարդը անգամ հասկանում է, որ բանակցային սեղանին եղել է ոչ ավելին, քան ԵՄ-ի հետ ասոցացման պահմանագիր, ոչ ավելին։ Անդամակցության մասին խոսք չկա ու վստահեցնում եմ՝ չի էլ լինի։ ԵՄ-ն անգամ եղած արևելաեվրոպական երկրների բեռը չի կարոանում մարսել, ուր մնաց, թե մի հատ էլ Հայաստանի պես բանանային ռեսպուբլիկա շալակն առնի։

Թոշակների ու աշխատավարձերի կտրուկ բարձրացում

Սքանչելի մտահաղացում է, պարզապես հասկանալի չէ, թե առանց այն էլ դեֆիցիտով գոյատևող պետբյուջեն ինչու պետք է փուլ չգա։ Իսկ այն փուլ կգա, նամանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ այս շռայլ խոստում տվող քաղաքական ուժի հենք հանդիսացող բիզնես կայսրությունը քիչ է մնում սնանկության հայտ ներկայացնի։ Համենայն դեպս՝ դատելով հարկային ռեեստրի տվյալներից։ Կամ գործերը լավ չեն, կամ էլ պարզապես ստվերային մասն է շատ ու հարկերից խուսափում են (բայց դե ո՞վ է տեղել, որ ազգի փրկության մասին խոսացողները հարկերից խուսափեն)։ Ցանկացած պարագայում, աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը հնարավոր է միայն պետբյուջեի եկամուտների ավելացումից հետո, այլ ոչ հակառակը․ առավոտյան՝ փող, իսկ երեկոյան՝ աթոռները։ Հակառակը չի լինում։

Հարկերից ազատում

Միանգամից մի քանի քաղաքական ուժ հանդես են եկել փոքր ու միջին բիզնեսը հարկերից ազատելու/հարկային արձակուրդ տալու/հարկերը կրճատելու խոստումներով։ Պարոնայք մտքի գիգանտները հավանաբար չեն հասկանում, որ Հայաստանի տնտեսության խնդիրը ոչ այնքան հարկային բեռն է, որքան դրա անհամաչափ բաշխվածությունն ու ստվերը, մենաշնորհներն ու անհավասար մրցակցային պայմանները։ Եթե նշվածները չլուծելով հարկեր ես կրճատում, կամ էլ ընդհանրապես՝ չեղարկում, ապա բյուջեն զրկվում է եկամուտների շոշոափելի մասից, ինչը անհապաղ ազդեցություն է ունենում ամբողջ տնտեսության վրա։ Բայց քանի որ ոչ մեկ չի պատրաստվում խոստումների այն կողմ գնալ, գերադասում են չգրգռեն իրական ստվերի ու մենաշնորհի գիգանտներին ու փոխարենը արդկանց հիմարեցնեն՝ հիմար խոստումներ տալով։ Միևնույն է, սպառողների մեծամասնությունը ոչ հասկանում է, ոչ էլ ուզում է հասկանալ նման խոստումների դեստրուկտիվությունը։

Հիմար խոստումները շատ են, ավելի շատ, քան վերոնշյալ հինգը, բայց այդ մասին՝ հաջորդ դասին, իսկ հիմա բավարարվենք այսքանով, որովհետև կասկած չկա, որ մինչւև ընտրությունները դեռ քննարկելու շատ հարցեր ենք ունենալու։

Monday, March 6, 2017

«ԵԼՔ»-ի նախընտրական ծրագիրը ավելի շատ ձեռառնոցի է հիշեցնում

Картинки по запросу ԵԼՔԵրբ «Ծառուկյան» դաշինքը հրապարակեց իրենց 15 քայլերի կոնցեպցիան, ինձ թվում էր, թե այս քարոզարշավում ավելի պոպուլիստական ու անիրատեսական ծրագիր չի լինի էլ, բայց այն բանից հետո, երբ այսօր ծանոթացա «ԵԼՔ»-ի ծրագրին, ակամայից սկսեցի խորը հարգանքով լցվել անգամ «15 Քայլի» հանդեպ։ Մոտս տպավորություն է, որ կուսակցությունները որոշել են պարզել մեր ազգաբնակչության բթամտության սանդղակը, որովհետև իրոք պետք է կատարյալ բութ լինել, որպեսզի լուրջ ընդունել նման ծրագրերը։

Ի հեպ, ներողություն եմ խնդրում, բայց եկե՛ք էլ չչարաշահենք «ծրագիր» բառը, որովհետև ցայսօր մեզ ներկայացնում են բաժակաճառերի ժողովածուներ, այլ ոչ թե լուրջ քաղաքական ու տնտեսական ծրագրեր։ Ու որ գոնե ինչ-որ առանձին ոլորտի մասով լիներ կենացային տրամադրություն, դեռ էլի կուտվեր, բայց «ԵԼՔ»-ում որոշել են, որ եթե կենացներ, ապա մինչև վերջ։

Վերլուծելու կարիք էլ չկա, որովհետև որ կետը վերցնես մառազմ է ու չի դիմանում նույնիսկ ամենապարզ հարցերի՝ ինչո՞ւ և ինչ միջոցներով։

Բանակի ու սպառազինության դրույթները կարդալիս, մոտս տպավորություն էր, որ այն գրել է մարդ, ում պատկերացումները բանակի ու սպառազինության մասին սկսվում և ավարտվում են «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի թրեյլերը դիտելով։ Մարդը բացարձակ պատկերացում չունի ոլորտից, բայց վստահորեն կարող է լավ կենացներ ու բարեմաղթանքներ ասել։ Մարդը չգիտի, որ ամբողջապես պայմանագրային զինծառայության անցնելը, այն էլ 5 տարում ոչ միայն անհնար է, այլև բացարձակ աննպատակահարմար է։ Մարդը չգիտի, որ այդ քանակությամբ պրոֆեսիոնալ զինծառայող պարզապես չունենք; Մարդը չգիտի, որ անգամ ունենալու դեպքում ու հաշվի առբելով իրենց մյուս խոստումները բանակի վերաբերյալ, մեր ռազմական բյուջեն երևի եռապատկելն էլ չօգներ։ Մարդը չգիտի, որ երբ ասում ես՝ սպառազինության առավել շատ սպառվող պահեստամասերի արտադրությունը ոչ միշտ է նշանակում դրանց ինքնարժեքի նվազում ու գրեթե երբեք չի նշանակում անհրաժեշտ որակի ապահովում։

Բանակի թեման մի կողմ; «ԵԼՔ»-ի արտաքին քաղաքական դոկտրինը ուսումնասիրելուց հասկանում ես, որ այս մարդիկ էլի բարի ցանկությունները շփոթել են իրականության հետ։ ԵՄ-ի հետ ասսոցացման համաձայնագիր են կնքում՝ առանց հաշվի առնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու բոլոր քաղաքական ու տնտեսական հետևանանքները։ Իրանից դեպի Վրաստան գազատար են կառուցում՝ առանց Իրանի կարծիքն ու էդ գազատարի համար անհրաժեշտ մի երկու միլիարդ դոլար փողն ունենալը։ Իրանի հետ երկաթգիծ են կառուցում՝ կրկին անգամ՝ չունենալով Իրանի հստակ պատրաստակամությունը։ Մի խոսքով՝ ի՜նչ խելքներին փչում ա, դա էլ ներառում են, որպես քաղաքական ծրագիր։

Իսկ առավել ֆեերիկ հիմարություն էր Խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծման ծրագիրը, որտեղ կընտրվեն դփյուռքի ներկայացուցիչները, ընդ որում՝ հենց սփյուռքից։ Պարոնյաք ինքնիշխանության ու պետականության ջատագովներ, կբացատրե՞ք, թե ի՞նչ աղերս ունի սուվերեն պետության հետ այլ երկրների քաղաքացիներից կազմված խորհրդարանի երկրորդ պալատը․․․

Ու էս ամեն ինչն էլ մի կողմ դնենք։ Բոլրո կետերն անխտիր դեկլարատիվ բնույթի են ու հիմնավորված չեն ոչ մի տնտեսական հաշվարկով։ Պարզապես դատարկ տողեր ու փուչ խոստումներ։

Ամո՛թ է, պարոնա՛յք, դուք մարդկանց իրո՞ք հիմարի տեղ եք դրել ու մտածում եք, որ կարելի է նման մանկապատանեկան խմբակի մակարդակի գրվածքով՝ ընտրողին խաբել։ Դե-դե, փորձեք, տեսնենք՝ ուր կհասնեք։

Thursday, March 2, 2017

Ռեյթինգային քվեարկության համակարգը կբերի կուսակցությունների էվոլյուցիայի

Картинки по запросу ռեյթինգային քվեարկությունՏպավորություն է, որ հանրությունը այդպես էլ չի գիտակցել քվեարկության ռեյթինգային քվեարկության իրական պոտենցիալն ու այն ստեղծելու մոտիվները։ Շատերը վերաբերվում են դրան, որպես նույն մեծամասնական կարգող քվեարկության։ Ընդ որում, այս ընկալումը տարածվում է նաև քաղաքական կուսակցությունների վրա, ինչը առավել քան տարօրինակ է։

Իրականում, ռեյթինգային քվեարկությունը կամա, թե ակամա նպաստելու է կուսակցությունների էվոլյուցիային։ Հատկապես՝ ՀՀԿ-ի էվոլյուցիային։ Ի վերջո, ի՞նչ ունեինք նախկինում։ Նախընտրական պայքարում կուսակցությունը վերածվում էր մի համակարգի, որը շատ նման է կազմակերպված հանցավոր խմբավորման համակարգին՝ կա «օբշակ», որն ուղղվում է ընհանուր շահի սպասարկամնը և դա առանձին անդամների առաջխաղացմանը (համամասնական ու մեծամասնական քվերակության կոնտեքստում)։ Ի՞նչ ունենք հիմա․ կուսակցությունները մի կողմից պայքարում են ընդհանուր շահի համար (համամասնական), բայց լոկալ մակարդակում, թեկնածուները պայքարում են միմյանց դեմ, ընդ որում՝ նույնիսկ սեփական կուսակիցների։

Սրա արդյունքը լինելու է այն, որ Հայաստանում սկսվելու է կյանքի կոչվել քաղաքական դարվինիզմը, երբ քաղաքական կյանքը պահպանելու են միայն ամենաուժեղները։ Ընդ որում՝ դատելով նրանից, թե ինչ հեշտությամբ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մինչ այժմ ՀՀԿ-ի համար ձայն ապահովող լոկոմոտիվի գլխավոր «կաչեգարներից», կարելի է հստակ եզրակացություն անել, որ այլևս չի լինելու այնպես, որ զուտ ուժը, հարստությունը ու/կամ քրեական հեղինակության գործոնը լինելու են որոշիչ։

Ամեն ընտրատարածքում իրար դեմ են դուրս գալու թեկնածուներ, ովքեր այս կամ այն չափով ունեն թե՛ փող, թե՛ ուժ, թե՛ հեղինակություն, բայց նրանք արդեն ստիպված են լինելու փոշիացնել այդ ռեսուրսները ոչ միայն այլ կուսակցությունների թեկնածուների դեմ պայքարում, այլև յուրայինների։ Արդյունքում, հենց նոր համակարգի տրամաբանությունն է մղելու նրանց, որպեսզի ավելի ու ավելի շատ գործեն դասական քաղաքական խաղի կանոններով, սկսեն ավելի շատ ուշադրություն դարձնել լոկ պոպուլիզմից ու ընտրակաշառքից, նաև իրատեսական խոստումներ տալուն (հետագայում՝ դրանք նաև կատարելուն), որովհետև ակնհայտ է, որ գծված են որոշ կարմիր գծեր, որոնք անցնելու դեպքում նրանք պատժվելու են, իսկ առանց դրանց անցնելու դժվար է լինելու հին զոռբա եղանակներով հասնել բաղձալի մանդատին։

Իհարկե, քաղաքական էվոլյուցիան մի օրվա մեջ չի գրանցի երևելի արդյունքեր, բայց բարեբախատաբար, բնական էվլոյուցիայի պես հազարամյակներ էլ չի պահանջի։ Կարծում եմ, որ այս ընտրությունները ավելի շատ փորձադաշտ կդառնան, բայց եթե համակարգը պահպանվի այս տեսքով, արդեն մի քանի ընտրություններից հետո, մենակ կունենանք շատ ավելի առողջ ու բառի բուն իմաստով՝ քաղաքական համակարգ։

Wednesday, March 1, 2017

Սամվել ու Կարեն Կարապետյանների տանդեմը ձեռնոց է նետում ՀՀԿ-ի հին գվարդիային

Ասել, որ ՀՀԿ-ական պատգամավոր ու Տաշիր Սամոյի հարազատ եղբայր հանդիսացող Կարեն ԿԱրապետյանի երեկվա ճեպազրույցը խիստ ուշագրավ էր, կնշանակի չասել ոչինչ։ Ըստ էության՝ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀԿ-ում կա որոշակի բաժանում։ Նման խոսակցություններ նախկինում էլ կային, բայց այն ժամանակ խոսքը գնում էր այսպես կոչված՝ Երիտթևի ու Ծերակույտի մասին, ինչը այդքան էլ լավ չի արտացոլում երևույթի բուն էությունը։ Կարեն Կարապետյանի շուրթերով երեկ տրվեց ավելի դիպուկ ձևակերպում՝ պրոգրեսիստներ և ռեգրեսիստներ։ Ասել է թե՝ մաս, որը ցանանում է որոշակի փոփոխություններ ու ռեֆորմներ և մաս, որը ուզում է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։

Եթե խիստ ընդհանրացված խոսենք, ապա մի թևում Կարեն ու Սամվել Կարապետյանների ու վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ կոնսոլիդացվող թևն է, իսկ մյուս թևում ընտրակեղծարարության, ծեծուջարդերի, ռեյդերության, կոճակսեղմության ու այլ ավանդական հանրապետական «բարքերի» սիրահարները։ Ընդ որում, պետք չէ վարդագույն ակնոցներով նայել ռեֆորմատորներին, ոչ էլ չափազանց խիստ դատել ռեգրեսիստներին։

Օրոգրեսիստները՝ լինելով բավականին բարձր մակարդակների հասած հաջողակ բիզնեսմններ, անհաղորդ չեն պրագմատիզմ ասվածին և քաջ գիտակցում են, որ եթե ինչ-որ շոշափելի փոփոխություններ չարվեն երկրի տնտեսությունում ու հասարակության մտածելակերպի մեջ, ապա նրանք չեն կարողանա պահպանել ո՛չ իշխանությունը, ո՛չ իրենց բարեկեցությունը Հայաստանում արդեն առաջիկա մի քանի տարիներում։ Հայաստանի Հանրապետությունը շատ մոտ է իր ամրության ռեսուրսը սպառելուն, իսկ երբ այն սպառվի, կսկսվի քաոս, որը չի բխում ոչ մեկի շահերից։

Ռեգրեսիստներն էլ իրենց պատկերացումներն ունեն։ Անպայման չէ, որ նրանք չարամիտ դիտավորությամբ ընդդիմանան բարեփոխումներին ու նոր քաղաքական մշակույթի կայացմանը։ Պարզապես այս մարդիկ գործելու ուրիշ եղանակներ չգիտեն ու չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է ինտեգրվել մի համակարգի, որտեղ ավելի բարդ է թալանել, չի կարելի այդքան զոռբայություն անել ընտրական պրոցեսսների ժամանակ, պետք է հայերեն գրել-կարդալ իմանալ և այլն։

Արդյունքում, առաջանում է շահերի բախում, որի կուլմիացիոն կետը լինելու ոչ թե նախընտրական փուլում, ոչ էլ անգամ հենց ընտրություններ օրը, այլ հետընտրական վերաբաշխման փուլում, երբ վերջնականապես պարզ կդառնա, թե որքան իրական պոտենցիալ ունի Կարապետյան եղբայրների ու Կարեն Կարապետյանի տանդեմը։