Monday, April 18, 2016

Հրազդանի ընտրությունների 2 հիմնական դասերը

Երեկ միանգամից միքանի մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցից առավել ուշագրավն իհարկե Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էին: Արդյունքներն արդեն հայտնի են. վերընտրվել էր ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը՝ հավաքելով ձայների 50 տոկոսից քիչ ավելին, իսկ ընդդիմադիր հիմնական թեկանածուն՝ հավաքելով 2000 քվե ավելի քիչ, ստացել էր քվեների 42 տոկոսը:

Այս ընտրությունների առավել ուշագրավ դասերը ոչ այնքան դրանց ընթացքն էին, ոչ էլ տեղ գտած խախտումները: Ի վերջո, ոչ մեկի համար նորություն չէր, որ ՀՀԿ-ն կիրառելու է իր ադմինիստրատիվ ռեսուրսները, իսկ հենց Փաշինայանի շուրթերով ասվում է, որ իրենք ընդունում են իրենց պարտությունը և վստահ են, որ իրենց ոչ մի քվե չի գողացվել: Կեղծիքներ եղել են իհարկե, բայց դրանք ոչ մասշտաբային են եղել, ոչ էլ զոռբայության աներևակայելի բարձրունքներ են գրանցվել:

Այս ընտրություններից, ըստ իս, երկու հետևություններ է պետք անել և երկուսն էլ՝ ՔՊ- մասով.

1. Լավ է, թե վատ, բայց իրենց հայտարարած հայեցակարգին հավաարիմ են մնում և ամեն ընտրապայքար կենաց-մահու կռվի չեն վերածում: Մարդիկ չունեն ձեռքների տակ այնպիսի փաստեր, որոնցով կարելի էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, կամ էլ եղածները բավարար չեն և այս ամենից ողբերգություն չեն սարքում: Ներողություն են խնդրում ընտրողներից ու ասում են, որ ԻՐԵՆՔ ԵՆ թերացել և ԻՐԵՆՔ ԵՆ հետևություններ անելու: Ոչ մի մեսսիականություն, ոչ մի ֆրուստրացիա և հուսահատություն, ոչ մի ամպագորգոռ ու ցասումնալից հայտարարություններ՝ ռեժիմի հասցեին: Սա նման էր քաղաքակիրթ երկրներին հարիր ընտրապայքարի:

2. Սասուն Միքայելյան՝ հենվելով Քաղաքացիական Պայմանագրի վրա, այս ընտրություններին հավաքեց գրեթե նույնքան ձայն, որքան նախորդ ընտրություններին, երբ Միքայելյանին սատում էր ամբողջ ՀԱԿ-ը: Սա իհարկե դեռ ուղղակիորեն չի վկայում դրա մասին, բայց առնազն հուշում է, որ Քաղաքացիական պայմանագիրն իր քաղաքական կշռով առնվազն մոտ է ՀԱԿ-ին հավասարվելուն: Ընդ որում, ոչ թե այսօրվա ՀԱԿ-ին, այլ այն ՀԱԿ-ին, որի մեջ մտնում էին այն բոլոր կուսակցություններն ու միավորումները, որոնք լքեցին ՀԱԿ-ը 2012-2016 ընկած ժամանակահատվածում:

Սա արդեն վկայում է այն մասին, որ գալիք խորհրդարանական ընտրություններում, մեր ընդդիմադիր դաշտի քարտեզը լուրջ փոփոխություններ է կրելու ու չի բացառվում, որ հենց Քաղաքացիական Պայմանագիրը դառնա դոմինանտ ընդդիմադիր ուժ:

No comments:

Post a Comment