Thursday, February 18, 2016

Դաշնակների համար նախատեսված իշխանական տորթի կտորները կտրված են, մնում է վերցնել

Այսօր հայտնի դարձավ, որ կրկին իրարից բաժանել են ԱԻՆ-ը և Տարածքային կառավարության նախարարությունը։ Եթե հաշվի առնենք, որ կարծես թե որոշված է նաև ԿԳ և էկոնոմիկայի նախարարներին փոխելու հարցը, ապա կարելի է արձանագրել, որ վերջնականապես ուրվագծվեցին ՀՅԴ-ի հետ համագործակցության դիմաց տրվող բոնուսների սահմանները։

Դաշնակներին ամենայն հավանականությամբ կտրվեն ՏԿ, ԿԳ և Էկոնոմիկայի նախարարների պորտֆելները, ինչպես նաև ավելի ցածր օղակի պաշտոններ այս գերատեսչությունում ու ամենայն հավանականությամբ դաշնակները սիրահոժար կընդունեն տորթի այդ կտորները։ Հաշվի առնելով, որ կա որոշակի ասսիմետրիա ՀՅԴ-ի ռեալ քաղաքական պոտենցիալի ու նրանց տրվող պաշտոնների քանակի ու ծանրաքաշության հարցում, կարելի է ենթադրել, որ այս անգամ բավականին հարատև կոալիցիա կազմելու շուրջ են պայմանավորվել ու պետք չէ ակնկալել, որ ՀՅԴ-ն միանգամից կթռնի ՀՀԿ-ի գլխից՝ հենց ընտրությունների ժամանակը գա։

Ավելին, ամենայն հավանականությամբ ՀՅԴ-ն կդառնա ՀՀԿ-ի ոչ հավատարիմ, բայց հարատև դաշնակիցը՝ առաջիկա մի քանի տարիներին ու դրա երաշխիքներն ունենալու համար էլ իշխանությունները շատ ավելի շատ են զիջում դաշնակներին, քան վերջիններս դրան արժանի են (5 տոկոս էլեկտորատով ուժը 3 նախարարական պորտֆելի թափ չունի)։ Չի կարելի բացառել անգամ այն, որ ընտրություններին կգնան միասնական ցուցակներով, քանի որ ՀՅԴ-ի հերթական ճամբարափոխական այս օպերացիայից հետո պարզապես կարող է ի զորու չլինել սեփական ուժերով անցնել խորհրդարան, իսկ ՀՀԿ-ին այդուհանդերձ պետք է դաշնակցական լոգոյի ներկայությունը նոր խորհրդարանում, դրա համար էլ առանց շտապելու, բայց մեծ հաստատակամությամբ ՀՅԴ-ին դարձնում են նոր ՕԵԿ ու պատրաստ են զուտ բուտաֆորիկ ներկայությունն ապահովելու համար նույնիսկ հագուրդ տալ դաշնակների քմահաճույքներին ու ասիմետրիկ ամբիցիաներին։

Մնում է, որ դաշնակները վերցնեն իրենց համար կտրված այս տորթի կտորները, իսկ դատելով ասեկոսեներից, ներկուսակցական մթնոլորտը բավականին թեժ է ու անկայուն, բայց ոչ թե գաղափարական նկատառումներից ելնելով, այլ այն պատճառով, որ չեն կարողանում իրար մեջ կիսեն պաշտոնները։ Այնպես որ, ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք ՀՅԴ-ն այնուամենայնիվ կամավոր կերպով կդառնա ՕԵԿ-2։

No comments:

Post a Comment