Նայելով Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված պատկերին, չգիտես խնդա՞ս, թե՞ լաս։ Ժողովուրդ, ախր այսպես եթե շարունակվի, արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում պառլամենտում կմնան միայն ՀՀԿ-ն, մեկ էլ այն ուժերը, որոնց ՀՀԿ-ն թույլ կտա լինել։
Այ եթե վաղը ընտրություններ լինեին, առավել քան վստահ եմ, որ նույնիսկ ամենաարդար ու թափանցիկ ընտրությունների պարագայում 5 տոկոսի շեմը բացարձակապես անհասանելի էր լինելու ՕԵԿ-ի, Ժառանգության ու ՀԱԿ-ի համար (ՀԱԿ-ի համար առհասարակ 7 տոկոս է պետք), իսկ նոր ստեղծվող այնպիսի կուսակցություններ, ինպիսիք են Այանսը, Քաղաքացիական պայմանագիրն ու Լուսավոր Հայաստանը դեռ չեն ձեռք բերել այն պոտենցիալը, որ կարողանան 5 տոկոս հավաքեն։ Թերևս միայն Նիկոլ Փաշինյանի պարագայում է դա հավանական, իսկ մյուսները պարզապես չեն կարող այդքան ձայն հավաքել։
Ու ինչպե՞ս են պատրաստվում հակազդել իշխանություններին պատվարժան ընդդիմադիրնե՞րը։ Օրերս մի զավեշտալի բան տեսա, որ շատ ալվ արտացոլում է այն քաղաքական ինֆանտիլիզմը, որը տիրում է ընդդիմադիր ճամբարում․ Ժառանգության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մեծ հպարտությամբ գրել էր իր ֆեյսբուքում, որ ի հեճուկս իշխանությունների ու Սերժ Սարգսյանի, կարողացել էին այնպես անել, որ տոնածառի հանդերձանքով մի քանի ակտիվիստներ անարգել մոււտք գործեն Ազատության հրապարակ․․․
Հասկանո՞ւմ եք խնդիրների ինչ մանրություն է տիրում հիմա ընդդիմության գործող ուժերում։ Ու եթե իրադրություն չփոխվի, գործող կուսկացությունները չսկսեն ավելի լուրջ հարցերով զբաղվել, քան տոնածառի հանդերձանքով ակտիվիստներին հրապարակ մտցնելը, չդադարեն արդեն մազոլ արած «ռեժիմը խուճապի մեջ է» տաղտկալի ցնդաբանությունը հորջորջել ու պատրաստ չլինեն լայն ֆորմատով համագործակցելու միմյանց հետ, ապա մյուս ընտրություններին ՀՀԿ-ն կարա արդեն ընտրակեղծիք էլ չանի, այլ չափավոր օգտագործելով իր ադմինիստրատիվ լծակներն՝ այնպես անի, որ խորհրդարանում հաստատ չեն լինի ո՛չ Ժառանգությունը, ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ ՕԵԿ-ը։
No comments:
Post a Comment