Հանրաքվեից հետո ասեկոսեներ են շրջանառվում, թե Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է մրցակցության մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ՝ 2017-ին երկրի իշանության գլուխ անցնելու, կամ էլ գոնե իր տեսակարար կշիռը դրանում ավելացնելու համար։ Հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի քաղաքական փորձառությունն, ինչպես նաև մեր ակտուալ քաղաքականության գործող կանոնները, կարելի է վստահության մեծ տոկոսով ասել, որ սրանք լոկ խոսակցություններ են, որոնք զուրկ են իրական հիմքից։ Հովիկ Աբրահամյանը չի հակադրի իրեն Սերժ Սարգսյանին, եթե ոչ երբեք, ապա գոնե տեսանելի հեռանկարում։
Նախ, Հովիկ Աբրահամյանը քաղաքական կամիկաձե չէ ու շատ լավ հասկանում է Հայաստանի քաղաքական խաղի գործող կանոնները։ Նա շատ լավ հիշում է, թե ինչ եղավ բոլոր այն քաղաքական գործիչների հետ, ովքեր երբևէ հակադրվել են Սերժ Սարգսյանին ու ցանկացել են վիճարկել նրա տեղը իշխանական բուրգի գագաթում։ Լավագույն դեպքում դա ավարտվել է նրանց քաղաքական ակտիվի ամբողջական կորստով ու/կամ հաճախորդացմամբ, իսկ վատագույն դեպքում նրանք պարզապես դուրս են մղվել ակտիվ քաղաքականությունից։
Բացի դրանից, երկար տարիներ լինելով Սերժ Սարգսյանի թիմի կարևորագգույն անդամներից, Հովիկ Աբրահամյանն ինքն է մասնակցել իշխանական այն բուրգի կառուցմանը, որը գործում է հիմա ու շատ լավ գիտի, որ ժամանակները հիմա այլ են։ Ներկայիս համակարգը նախորդներից տարբերվում է մեկ շատ կարևոր առանձնահատկությամբ․ դրա բալոր մակարդակներն ու գագաթները սերտորեն փոխկախակցված են միմյանց ու ամենուրեք գործում են բալանս ու հակակշիռ ապահովող լծակներ, ինչը թույլ չի տալիս, որպեսզի համակարգում լինեն չափազանց ինքնուրույն միավորեներ, որոնք ինչ որ մի պահ կարող են որոշել անվանս դուրս գալ այդ համակարգից ու առավել ևս, հավակնել համակարգն իրենց անելուն։
Եվ վերջապես, երրորդ գործոնը, որը պետք է հետ պահի Հովիկ Աբրահամյանին նման արկածախնդրությունից, դա անձամբ Սերժ Սարգսյանի գործոնն է։ Ով-ով, բայց լինելով նրա երկար տարիների թիմակիցը, Հովիկ Աբրահամյանը լավ գիտի, որ Սերժ Սարգսյանը գիտի ոչ միայն իր քաղաքական օպպոնենտների, այլև յուրայինների բոլոր ուժեղ ու հատկապես՝ խոցելի կողմերը, որոնց էլ անհրաժեշտության դեպքում հասցնում կետային հարված, որը միշտ կանխորոշում է տվյալ գործչի հետագա ճակատագիրը։ Եվ ով-ով, բայց Հովիկ Աբրահամյանը հրաշալի գիտի, որ ինքն էլ զուրկ չէ այդ խոցելի կետերից և չունի ոչ մի իմունիտետ՝ կետային հատվածների դեմ։
Ելնելով այս ամենից, կարելի է պնդել, որ Հովիկ Աբրահամյանը չի հակադրվելու Սերժ Սարգսյանին ու ոչ մի մրցակցության մասին խոսք գնալ չի կարող, որովհետև բոլորն էլ ու առաջին հերթին հենց Հովիկ Աբրահամյանը, հրաշալի գիտակցում են, որ ցանկացած նման դիմակայություն ունենալու է միայն մեկ անխուսափելի եզրահանգում՝ Հովիկ Աբրահմյանի ամբողջական խորտակում։
No comments:
Post a Comment