Երեկ մեդիա դաշտում նախախուճապայաին տրամադրություններ էին՝ մեր լրագրողների կողմից ոչ պրոֆեսսիոնալ գործելաոճի հերթական դրսևորման պատճառում։ Ինչ է թե մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հավհաննիսյանը ԿՐԿՆԵԼ էր դեռ մի քանի ամիս առաջ հնչեցրած իր միտքը, որ այլևս պետք չէ կիրառել <<հրադադարի ռեժիմ>> եզրույթը, որովհետև այն ինչ ունենք հիմա՝ պատերազմ է, միանգամից սկսվեց սպեկուլյատիվ վերնագրերի ու վայ-վերլուծությունների շքերթը, որոնք բոլորը հանգում էին նրան, որ այս հայտարարությամբ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին։
Ցավոք, սա հերթական առհավատչյան է այն մեդիա-անգրագիտության, որըը տիրում է ինչպես մեդիա կոնտենտ ստեղծողների, այնպես էլ այդ կոնտենտը սպառողների շրջանում։ Սկսենք նրանից, որ պատերազմ հայտարարելու մշակույթը վաղուց արդեն վերջացել է ու վերջին դարում ձեռնարկված խոշոր պատերազմների կեսից շատիի դեպքում ոչ ոք՝ ոչ ոքի պատերազմ չի էլ հայտարարել։ Պատերազմ չէր հայտարարել Նացիստական Գերմանիան, երբ հհարձակվեց ԽՍՀՄ վրա, պատերազմ չէր հայտարարել ԱՄՆ-ը, երբ ձեռնարկեց Վիետնամական պատերազմը, ոչ էլ երբ սկսեց իր դաշնակիցների հետ հողին հավասարեցնել Հարավսլավիան, պատերազմ չէր հայտարարել Ադրբեջանը՝ 1988-1994 թվականներին։
Ընդհանրապես, պատերազմ հայտարարելը ոչ մի կապ չունի ռեալ պատերազմ ունենալ-չունենալու հետ։ Հավանաբար ոմանց ցնցի այս պարզ ու հայտնի իրականությունը, բայց դե յուրե՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմ իրար չեն էլ հայտարարել, իսկ 1994 թվականի հրադադարը կնքվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև, այլև ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև, իսկ բանակցություններում Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես միջնորդ կողմ։
Ավելին, եթե հարցը դիտարկենք դե ֆակտո իրողության դաշտում, ապա իհարկե Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել են միմյանց դեմ ու իհարկե այդ պատերազմը չի ավարտվել, որովհետև զինադադարի մասին պայմանագիրը դեռ խաղաղության պայմանագիր չէ։
Այնպես որ, եթե իրերը կոչում ենք իրենց անունով, ապա այո՛, այն ինչ հիմա կատարվում է շփման գծում՝ ոչ այլ ինչ է, քան <<դանդաղ>> կամ էլ <<դիրքային պատերազմ>>, իսկ եթե դիտարկում ենք ոչ միայն ռազմական ոլորտը, ապա այն ինչ ունենք հիմա՝ կոչվում է հիբրիդային պատերազմ, որը վարվում է տեղեկատվական գրոհներով, դիպուկահարներով, հետախուզա-դիվերսիոն խմբերով, հրետանային հաշվարկներով ու անօդաչու թռչող սարքերով։
Այնպես որ, հանգստացե՛ք, որովհետև ոչ մի նոր բան չի ասսվել ու ոչ մի կտրուկ փոփոխություն չի եղել։ Միակ փոփոխությունն այն է թերևս, որ ոմանց աչքերը սկսել են բացվել ու նրանք սարսափել են, որ ակտուալ իրականությունը էապես տարբերվում է պատրանքների աշխարհից։
No comments:
Post a Comment