Tuesday, May 16, 2017

Ինչպես Մարուքյանը Փոստանջյանի «պորտը տեղը դրեց»

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ով չի ալարում՝ ապստամբությունից ու հեղափոխությունից է խոսում։ Ու այսպիսի իրականությունում բնավ զարմանալի չէ, որ նույն Զարուհի Փոստանջյանը 7 տոկոս ձայն է հավաքում ու ասուլիսի ժամանակ պետական հեղաշրջման չքողարկված կոչեր ու սպառնալիքներ է հնչեցնում։ Զարմանալի չէ նաև այն, որ դա շատերի դուրը գալիս է։ Ի վերջո՝ հենց այդ մարդիկ էլ Փոստանջյանին քվեարկում են։

Բայց երբեմն պետք է հնչի նաև ճշմարտություն։ Հեղափոխությունն ու հեղաշրջումը ամեն կոշկակարի ու տանտնտեսվարուհու խելքի բան չեն։ Անգամ եթե կոշկակարն ու տանտնտեսվարուհին խորապես համաձայն չեն այդ աներկբա իրականության հետ։ Ու նման դեպքերում, երբ տանտնտեսվարուհին սկսում է իրեն Նապոլեոն Բոնապարտ երևակայել, ներան ինչ-որ մեկը պետք է վերադարձնի իրական աշխարհ։

Բարեբախտաբար, այս անգամ այդպիսի մեկը գտնվեց ու դա Էդմոն Մարուքյանն էր։ Ընդ որում, չեմ էլ կենտրոնանում հեղաշրջումների նպատակահարմարության մասին Մարուքյանի ընդարձակ դատողոթյուններին, քանի որ նա ավելի կարևոր բան ասեց, որը մի քիչ ձևափոխված կարելի է մատուցել նաև այսպես․ աղջիկ ջան, սկի 400+ տեղամասերում վստահված անձ չես կարողանում պահովես, ի՜նչ ապստամբություն, ի՜նչ հեղաշրջում։

Ու երիցս ճիշտ է Մարուքյանը։ Անգամ ՏԻՄ ընտրություններին լիարժեք մասնակցելու պոտենցիալ չունեցող ուժերն ու գործիչները պետք է խելոք սսկվեն ու քաղաքական մկաններ աճեցնեն, հակառա դեպքում, եթե մի ինչոր անհավանական սցենարով նմաններին հաջողվի զենքով տապալել իշխանություններին, դրա հետևանքը ոչ թե ավելի լավ պետությունն է լինելու, այլ տոտալ անարխիան։

Friday, May 12, 2017

Չինովնիկների զավակների բեսպրեդելի դեմն առնելու լավագույն սկիզբը Վարդանիկի որդուն բանտ նետելը կլինի

Картинки по запросу spartak ghukasyanՍուրիկ Խաչատրյանից ու յուր որդյակից հազիվ էինք պրծել, հիմա էլ նոր պատուհաս է գլուխ բարձրացրել, բայց այս անգամ՝ Հայաստանի հյուսիսում։ Գյումրու նախկին քաղաքապետ ու Ծառուկյան դաշինքի թեթև ձեռքով՝ արդեն նորընտիր «մանդատակիր» պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ նույնի ինքը՝ Վարդանիկը, դեռ չի էլ հասցրել ստանձնել երեսփոխանի պարտականությունները, իսկ նրա սիրասուն զավակ Սպարտակը կրկին երևակայել է իրենց պատմական Սպարտակ ու գլադիատորական մարտեր է սկսել։ 

Դեռ ոչ վաղ անցյալում, Սպարտակ Ղուկասյանը «նախանձելի» հաճախակիությամբ հայտնվում էր քրեական լրահոսի կիզակետում, որովհետև այս կաթնակեր ու խելոք տղայի վրա էլ աչքեր կան երևի, իսկ ինչպես ասում էր դասականը՝ Լիսկայի որդյակ Տիգրան Խաչատրյանը, որ մարդու վրա շատ աչք է լինում՝ փորձանքի մեջ է ընկնում։ Թերևս սա է միակ ողջամիտ բացատրությունը նրա, թե ինչու է Սպարտակ Ղուկասյանը այդքան անգամ ձերբակալվելուց, բերման ենթարկվելուց, տարբեր ծեծուջարդերի ու փոխհրաձգությունների մեջ հայտնվելուց հետո, մայիսի 10-ին հերթական ծեծկրտուքը կազմակերպում, որի արդյունքում ծեծվածներից մեկը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ։ Որովհետև, եթե աչքի գործոնը չէ, ապա մնում է միայն բութ, բռի ու լտի մարդ լինելու տարբերակը։ Իսկ ինչպե՞ս կարող է Վարդանիկի պես ազնիվ ու աստվածավախ մարդը նման հրեշի դաստիարակել։ Չէ, բացառվում է։ 

Իսկ եթե լուրջ խոսենք, ապա սա շատ անհանգստացնող երևույթ է։ Հայաստանում կան արդիկ, ովքեր այդպես էլ մնացել են 90-ականների ու 2000-ականների մեջ, երբ պաշտոնյա բարեկամ ունենալը ավտոմատ կերպով իմմունիտետ էր ընձեռում ՀՀ քրեական և բոլոր մյուս օրենսգրքերի դրույթների նկատմամբ։ Մա՞րդ ես ծեծում՝ հոգ չէ, պապան մի բան կանի։ Մա՞րդ ես սպանում՝ էլի խնդիր չէ, փողին մուննաթ։ Խափանման միջոցի պայմաննե՞րն ես խախտում՝ ի՞նչ խնդիր է որ, բա պապան ինչի՞ համար է․․․ Սրա դեմը պետք է առնել ու Վարդանիկի պուճուր վամպիրին վերջապես ճաղերի հետև շպրտելը կլինի շատ լավ սկիզբ։ 

Friday, May 5, 2017

Ագրամունտի հրաժարականի հետ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը այնքան կապ ունի, որքան մրջյունը՝ փղի սատկելու հետ

Картинки по запросу ԱգրամունտՄի հին անեկդոտ կա․ մրջյունը անտառում քայլելիս, տեսնում է մի սատկած փիղ։ Նայում է իր շուրջ, տեսնում է, որ հետևող չկա ու սկսում է փղի լեշի նկատմամբ սեռական ոտնձգություններ անել։ Ու չի էլ նկատում, թե ոնց է ամբողջ անտառը աստիճանաբար հավաքվում ու զարմանքով հետևում իրեն։ Մեկ էլ ձայն են տալիս սրան։

- Այ հիմար, սատկած փղին ինչո՞ւ ես դոմփում։

Սա էլ իրեն չի կորցնում փղին նայելով՝ տխուր հառաչում է․

- Մեռա՞վ, արա՛․․․

Հիմա Ագրամունտի հրաժարականի շուրջ բարձրացած աղմուկն է։
Իրականում՝ այդ հրաժարականի հետ ոչ մի կապ չունի ո՛չ ԵԽԽՎ պատվիրակությունը, ո՛չ էլ առհասարակ Հայաստանն ու հայաստանի հետ կապված որևէ բան։ Ավելին ասենք՝ նույնիսկ Ագրամունտի՝ կոռումպացված շանորդի լինելը էական դերակատարություն չի ունեցել այս հրաժարականում, քանի որ այդ փաստը վաղուց արդեն Պոլիշինելի գաղտնիք էր։

Ագրամունտի գլխավոր զանցանքը՝ եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթի աչքերում ոչ թե նրա ծախվածությունն էր, այլ այն, թե հերթական անգամ ում ծախվեց։ Ագրամունտին ու ցանկացած եվրոչինովնիկի հա էլ կներվեն Ադրբեջանից, Ալբանիայից, Հորվաթիայից ու թեկուզ Հունգարիայից ստացվող խավիարային նվերները, քանի դեռ այդ գործարքները հակասության մեջ չեն մտնում ընդհանուր եվրոպական կուրսի հետ, իսկ Ագրամունտի վերջին գործարքը հենց այդպիսինն էր ու կնքված էր Ռուսաստանի հետ։ Ինչն էլ չներեցին նրան ու արագ ճամփեցին այդ թմբլիկ պաշտոնից, որը թույլ է տալիս լավ կթել արևելաեվրոպական ավտորիտար երկրների քաղաքական վերնախավերին։

Բոլոր մնացած պատճառները ու հիմնավորումները այս իրողության նույն հարթության վրա են, ինչ մրջյունի «Մեռա՞վ, արա՛․․․»-ն։

Monday, March 27, 2017

Ի՞նչ են ծխում ՕՐՕ-ում, կամ «անձնական կարծիքների» հերթական տարափը

Картинки по запросу ՕՐՕՍամվել Բաբայանի վրա դեռ չէին հասցրել ձեռնաշղթաներ հագցնել, իսկ ՕՐՕ-ն ու դրա հարակից ռեսուրսներն արդեն ինչքան ուժ ունեին աղաղակում էին քաղաքական հալածանքների ու հետապնդումների մասին։ Ավելին՝ արդեն դարձրել են իրենց քարոզչական մեխը։ Թե բա տեսեք-տեսեք, քանի որ ՀՀԿ-ն մեզ այսպես հալածում է, հետևաբար մենք իսկական ընդդիմություն ենք ու ամենաշատը մեզանից են սարսափում։

Բայց արի ու տես, որ խիստ ընդդիմական այս օպերան հարամեցին սկզբում դատախազությունից, որտեղ հայտարարեցին, որ Սամվել Բաբայանը ընդունել է իրենց մեղսագրվող մեղադրանքները, իսկ հետո էլ՝ Բաբայանի փաստաբաը, ով հայտարարեց, որ Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում և չի կարելի սա քաղաքական հետապնդում անվանել։ Համենայն դեպս՝ գործի այս փուլում։

Եթե միամիտ ռոմանտիկ եք, ապա կարող եք ակնարկել, որ ՕՐՕ-ում խելքի կգան ու կհերքեն իրենց շտապողական հայտարարությունները, բայց եթե քիչ ավելի պրագմատիկ եք ու ծանոթ եք այս անհասականալի քաղաքական միավորի դիրիժորների ու խաղացողների ձեռագրերին, ապա լավ էլ հասկանում եք, որ ոչինչ էլ չեն անի ու կշարունակեն նույն ոգով։ Ի վերջո, դեռ ԲՀԿ-ական անցյալից մի ունիվերսալ տրյուկ են սովորել․ ասա ցանկացած բան, իսկ եթե համը սկսի դուրս գալ, ասա, որ դա քո մասնավոր կարծիքն էր։

Ցանկացած նորմալ երկրում ու նորմալ հասարակությունում այս ողջ պատմությունը մի հատ յուղոտ-թոթոլ վերջակետ կնշանակեր տվյալ կուսակցության քաղաքական ապագայի վրա, էլ չասեմ՝ դրա առաջին դեմքերի մասով, բայց քանի որ սա Հայաստանն է, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Պարզապես ՕՐՕ-ն սահուն կերպով կլրացնի Հիմնադիր Խորհրդարանի խոպան մնացած տեղը (վերջինիս՝ ահաբեկչական կառույց դառնալու հետևանքով ազատված) ու կշարունակի նույն իրարամերժ ու աբսուրդային ոգով գործունեությունը։ Ռուսը ասում է՝ свято место пусто не бывает...

Մի խոսքով, սիելի հայրենակիցնե՛ր, Հայաստանում ընտրություններ էին ու էլ ոչ ոք չէր զարմանում, երբ դրա մասնակից ուժերը դրսևորում էին թունդ թմրամոլի հոլյուցինոգեն վարք։

Tuesday, March 21, 2017

Պետրոսի մոտ ՀԱԿ-ը, Ազատ Դեմոկրատներն ու Ելքը լիարժեք ցուցաբերեցին իրենց գաղափարական սնանկությունը

Մի անմոռանալի քաղաքական բենեֆիսի ականատես եղանք երեկվա «Ուրվագծում»։ Ստացված պատկերն այնքան ողբերգական էր, որ անգամ ծիծաղելի էր։ Երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը իրեն ընդդիմադիր է հռչակել, իրար հոշոտում էին այնպես, ինչպես ոխերիմ թշնամիները անգամ չէին անի։

Հիմա ֆեյսբուքյան հանրությունը դրած քննարկում է հաղորդման էմոցիոնալ բաղադրիչը, ինչը, ըստ իս, երկրորդական հարց է, որովհետև նախևառաջ սա առհավատչյան էր այն գաղափարական սնանկության, որը պարուրել է ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Այո՛, կարելի է մեղադրել ՀԱԿ-ի ներկայացուցչին բառիս բուն իմաստով ոչ ադեկվատ ագրեսիվ վարքի մեջ (լարվածությունից խաղացող հայացքը վկա), բայց մի՞թե Ստյոպա Սաֆարյանը, կամ էլ Ալեն Սիմոնյանը պակաս էին անձնավորում։ Հետո՞ ինչ, որ դա ի պատասխան էր արվում։ Միևնույն է, որովհետև ստացվում է, որ ՀԱԿ-ից Նարեկ Սարգսյանը թելադրեց բանավեճի ձևաչափն ու պլինտուսի մակարդակը, նրանք էլ ընդունեցին այդ կանոնները ու մինչև վերջ դրանցով խաղացին։ Այնպես որ, բերեք լինենք անկեղծ․ անձնավորումների ու փոխադարձ վիրավորանքների առումով երեքն էլ միմյանց արժանի էին։

Միևնույն ժամանակ, եթե փորձենք փոխադարձ վիրավորանքների ու անձնավորված բույթի ռեպլիկներից զատ, առանձնացնել կուսակցությունների ծրագրային դրույթների վերաբերյալ հարցադրումներն ու մեկնաբանությունները, ապա տեսնում ենք, որ մեկը մյուսից անմեղսունակ են ցանկացած լուրջ բանավեճի համար։ ՀԱԿ-ի ներկայացուցիչը տեղում շշեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ու ավելի կշշեր, եթե աչքերը պլշած Ստյոպայի դեմքին թռնելու փոխարեն պարզապես նշեր, որ ԵԱՏՄ-ից ու ընդհանուր տնտեսական գոտուց դուրս գալը հղի է ֆատալ անդառնալի հետևանքներով մեր տնտեսության համար, անգամ եթե Ռուսաստանը չփորձի ոչ մի քաղաքական շանտաժի դիմել, որովհետև հենց հաջորդ օրը գազի գինը 150 դոլարից դառնալու է ասենք 450 դոլար, բայց դե էլի հերիք էր։ Կարող ենք արձանագրել, որ ոչ Ստյոպան, ոչ Ալենը ասելիք չունեին սրա շուրջ։

ՀԱԿ-ի Նարեկն էլ իր հերթին շշվեց այն պահին, երբ էլի սկսեց հող հանձնելուց։ Ախր պարոնայք ՀԱԿ-ականներ, այն, ինչ ասում է Տեր-Պետրոսյանը, շատ ավելի փափուկ է ու քողարկված երկիմաստ եսսիջներով, քան դուք, բայց անգամ դա հերիք էր, որ ժամանակին իրենց գահից գցեին։ Դուք անգամ այդ դիվանագիտությանը չեք դնում ու բացեյբաց հայտարարում եք, որ հող հանձնելը անհրաժեշտ է, իսկ ձեր տրամաբանությունը խարսխված է միայն մի բանի շուրջ, որ Ադրբեջանը պատրաստ է բավարարվել փոխզիջումով ու մի քանի ու թեկուզ բոլոր 7 շրջանների վերադարձով, ինչի օգտին խոսացող ոչ մի իրական փաստ չունեք ձեռքի տակ։ Ձեր համար միակ իրական փաստը այն է, որ Լևոն պապին ասել է, որ Ալիևը ռացիոնալ գործիչ է, ուստի չի կարող չհամաձայնվել։

Մի խոսքով, ընդամենը երկու ծրագրային դրույթ քննարկեցին, բայց կարողացան այդ երկու կետերով տոտալ ոչնչացնել միմյանց։ Կեցցեն բանախոսները, որովհետև ազնվորեն ի ցույց դրեցին այն անմխիթար վիճակը, որում գտնում է ոչ միայն ընդդիմությունը, այլ ամբողջ հասարակությունը ու մարդկանց քաղաքական գիտակցությունը։


Wednesday, March 15, 2017

Միհրան Պողոսյանը հարամում է ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը

Картинки по запросу Միհրան ՊողոսյանՀայաստանում ընտրական պրոցեսսները միշտ էլ հեռու են եղել դասական կուլտուրայից, իսկ ՀՀԿ-ում՝ առավել ևս։ Ըստ էության՝ ՀՀԿ-ում գործել և գործում է հետևյալ մոդելը․ բոլորը փող են հավաքում, որը ծառայեցվում է ընդհանուր շահին և գումարած դրան՝ այն միջոցները, որոնք ծախսում են մեծամասնական, իսկ հիմա՝ ռեյթինգային թեկնածուները։ Արդյունքում, առանձնակի ադիոզ դեմքերի ծախսած գումարները ավելի շատ են լինում և դրանց հաշվին վճարվում են ընտրակաշառքներ և այլ ստվերային ծախսեր։

Արդյունքում, ծխսերի բեռը ընկնում էր օլիգարխ թևի վրա ու օրինակ՝ Լֆիկը տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ գումար է հատկացնում, քան Կարեն Բոցավառը։ Այս ընտրություններին նույն կարգավիճակում է Միհրան Պողոսյանը, բայց խնդիրը նրանում է, որ այս ընտրարշավը սովորական չէ։ Պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ամենայն լրջությամբ է տրամադրված իր ռեբրենդինգի հարցում ու այդ ռեբրենդինգի դրական էֆեկտները արդեն զգացնել են տալիս։ Եթե չլինեն էական շեղումներ ու խոչընդոտներ, ՀՀԿ-ն ռեալ հնարավորություն ունի առանց լուրջ կեղծարարություններ անելու՝ ամենամեծ տոկոսը հավաքելու, որը սակայն չի գերազանցի 50 տոկոսի շեմը։ Դրան նպաստում են Կարեն Կարապետյանի գործոնը, առաջին տասնյակի դեմքերի մեծ մասը որակը, ճիշտ քարոզարշավը և ինչո՞ւ ոչ՝ հակառակորդների բացարձակ տափակ ռազմավարությունը։

Սակայն, գնալով ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ի նոր կուրսին հայտնվել է խոչընդոտ, որը գնալով ավելի ու ավելի լրջանում է։ ՀՀԿ-ի նոր կերպարի դյուրամարսությունը ի սպառ հարամվում է ու դա՝ առավելապես Միհրան Պողոսյանի գործոնի շնորհիվ։ Ու սույն պարոնը հաջողացրել է այնպես անել, որ իր նկատմամաբ հակակրանքը հասել է տիեզերական մասշտաբների ու գրեթե ամբողջովին պրոյեկտվում է այն կուսակցության վրա, որը այն ներկայացնում է։ Այն աստիճան, որ նույնիսկ կուսակիցներն են արդեն հրապարակայնորեն քննադատում ու իրենց տհաճությունը ցուցադրում։

Իհարկե, Միհրանը կլորիկ գումար է մուծվել «օբշչակ» ու էլ ավելի կլորիկ գումար էլ տրամադրելու է ռեյթինգայինով ոնցնելու համար, բայց ողջ խնդիրը նրանում է, որ եթե այսպես շարունակվի, ապա Քեթրինի Միհրանի ողջ կարողությունը չի բավականացնի, որպեսզի չեզոքացնի այն վնասը, որ պատճառում է ՀՀԿ-ին՝ այս ընտրությունների համատեքստում։ Եվ այս ամենը չեն կարող չհասկանալ Հանրապետականում։ Ողջ հարցը նրանում է, թե այնուամենայնիվ ի՞նչ կորոշեն․ որ գետանցման ժամանակ Միհրաններին ձիերին չե՞ն փոխում, թե՞, որ այնուամեանյնիվ փողը ավելի կարևոր չէ, երբ բերում է ավելի թանկարժեք կապիտալի կորուստի։

Monday, March 13, 2017

Նախընտրական քարոզարշավի թոփ 5 ամենահիմար խոստումները

Картинки по запросу выборы карикатура
Արդեն ամենայն պատասխանատվությամբ կարելի է պնդել, որ ավելի անբովանդակ թեզերով գերհագեցած նախընտրական արշավ չէր եղել։ Քաղաքական ուժերը, միմյանց հերթ չտալով, հանդես են գալիս գնալով ավելի ու ավելի տաղտկալի և անիրատեսական խոստումներով, որոնք ավելի աչալուրջ ուսումնասիրության դեպքում ակնհայտորեն պետք է ընկալվեն, որպես խիստ վնասակար նախաձեռնություններ։ Փորձենք առանձնացնել թոփ 5 ամենահիմար ու իրագործվելու դեպքում՝ խիստ վնասակար խոստումները։

Խաղաղություն՝ հողերի դիմաց

Դժվար է հասկանալ, թե ինչ բորբոքված երևակայությունում կարող էր ծագել պարտվողական բնույթի թեզերը ընտրարշավի մեխ դարձնելը, բայց ՀԱԿ-ում հենց դա էլ արել են։ Ըստ էության, ՀԱԿ-ի քարոզարշավի գլխավոր խոստումը խաղաղությունն է, որը, չգիտես, թե ինչու, հնարավոր է միայն ու միայն հողերը հնարավորինս շուտ հանձնելու պարագայում։ Ընդ որում, չի բացատրվում, թե ինչից է բխում այն եզրահանգումը, որ հենց հողերը վերադարձնենք, Ադրբեջանը միանգամից խաղաղվելու է ու բարիդրացիական հարաբերությունների է ձգտելու, իսկ «հող հանձնողի» պիտակը ավելի դյուրամարս դարձնելու համար, ՀԱԿ-ում որոշել են ևս մի նոու-հաույի դիմել և ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ հայոց պատմության ամենամեծ հող հանձնողը Տիգրան Մեծն է եղել, ով հրաժարվել էր իր բոլոր արտաքին նվաճումներից։ ՀԱԿ-ում հավանաբար չեն հասկանում, որ Տիգրան Մեծի վեհությունը դրանում չի կայանում, իսկ այդ որոշումը ոչ թե բարի կամքի դրսևորում էր, այլ Հռոմին պարտված պատերազմի արդյունքում կնքված կապիտուլյացիայի հետևանք։

Հանենք արագաչափերն ու կարկիր գծերը

Միանգամից հարց է առաջանում, թե ինչու։ Ու եթե կարմիր գծերի մասով դեռ կարելի է քննարկել դրանց նպատակահարմարությունը, ապա արագաչափերի պարագայում բացարձակապես հնարավոր չէ հասկանալ դրանցից հրաժարվելու նպատակահարմարությունը։ Թե՛ կարմիր գծերը, թե՛ արագաչափերը ներկայումս իրենց ամբողջ շահույթը ուղղում են դեպի պետբյուջե, իսկ մենք խոսում ենք միլիոնավոր դոլարների մասին։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ աղբյուրներից են պատրաստվում կոմպենսացնել պատճառված վնասը, էլ չխոսենք այն փաստի մասին, որ եթե չես ուզում արագաչափի կողմից տուգանվել, ոչ թե արագաչափն է պետք հանել, այլ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Դուրս գանք ԵԱՏՄ-ից ու մտնենք ԵՄ

Այս փառահեղ հիմարության ջատագովը Ազատ Դեմոկրատներն են։ Մարդիկ միանշանակորեն պայքարելու են ԵԱՏ-ից դուրս գալու համար ու մտնելու են ԵՄ; Ընդ որում, պարոնայք չեն էլ մանրանում, թե ինչպես են պատրաստվում գլուխ դնել անխուսափելի տնտեսական հետևանքների հետ, որոնցով հղի է ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Օրինակ՝ ոչ մի հոդաբաշխ խոսք չկա, թե ինչպես են պատրաստվելու վճարել գազի այն սակագինը, որը անմիջապես կսահմանվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի համար։ Գազը փառք է, մնացած բոլոր ներկրվող ու արտահանվող ապրանքների ճակատագիրը, մեղմ ասած, մշուշոտ է, բայց դե ի՞նչ էական է դա։ Չէ՞ որ նախընտրական շրջանում արված մուտիլովկան բարի ավանդույթ է։ Դե ԵՄ-ին անդամակցելու մասով ավելի լավ է լռենք, որովհետև այս թեզը ամենաշատը կզարմացնի պաշտոնական Բրյուսելին, ով անգամ օրակարգում չունի ՀՀ-ին ԵՄ անդամ դարձնելու հարց։ Մինիմալ գիտելիքներ ունեցող մարդը անգամ հասկանում է, որ բանակցային սեղանին եղել է ոչ ավելին, քան ԵՄ-ի հետ ասոցացման պահմանագիր, ոչ ավելին։ Անդամակցության մասին խոսք չկա ու վստահեցնում եմ՝ չի էլ լինի։ ԵՄ-ն անգամ եղած արևելաեվրոպական երկրների բեռը չի կարոանում մարսել, ուր մնաց, թե մի հատ էլ Հայաստանի պես բանանային ռեսպուբլիկա շալակն առնի։

Թոշակների ու աշխատավարձերի կտրուկ բարձրացում

Սքանչելի մտահաղացում է, պարզապես հասկանալի չէ, թե առանց այն էլ դեֆիցիտով գոյատևող պետբյուջեն ինչու պետք է փուլ չգա։ Իսկ այն փուլ կգա, նամանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ այս շռայլ խոստում տվող քաղաքական ուժի հենք հանդիսացող բիզնես կայսրությունը քիչ է մնում սնանկության հայտ ներկայացնի։ Համենայն դեպս՝ դատելով հարկային ռեեստրի տվյալներից։ Կամ գործերը լավ չեն, կամ էլ պարզապես ստվերային մասն է շատ ու հարկերից խուսափում են (բայց դե ո՞վ է տեղել, որ ազգի փրկության մասին խոսացողները հարկերից խուսափեն)։ Ցանկացած պարագայում, աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը հնարավոր է միայն պետբյուջեի եկամուտների ավելացումից հետո, այլ ոչ հակառակը․ առավոտյան՝ փող, իսկ երեկոյան՝ աթոռները։ Հակառակը չի լինում։

Հարկերից ազատում

Միանգամից մի քանի քաղաքական ուժ հանդես են եկել փոքր ու միջին բիզնեսը հարկերից ազատելու/հարկային արձակուրդ տալու/հարկերը կրճատելու խոստումներով։ Պարոնայք մտքի գիգանտները հավանաբար չեն հասկանում, որ Հայաստանի տնտեսության խնդիրը ոչ այնքան հարկային բեռն է, որքան դրա անհամաչափ բաշխվածությունն ու ստվերը, մենաշնորհներն ու անհավասար մրցակցային պայմանները։ Եթե նշվածները չլուծելով հարկեր ես կրճատում, կամ էլ ընդհանրապես՝ չեղարկում, ապա բյուջեն զրկվում է եկամուտների շոշոափելի մասից, ինչը անհապաղ ազդեցություն է ունենում ամբողջ տնտեսության վրա։ Բայց քանի որ ոչ մեկ չի պատրաստվում խոստումների այն կողմ գնալ, գերադասում են չգրգռեն իրական ստվերի ու մենաշնորհի գիգանտներին ու փոխարենը արդկանց հիմարեցնեն՝ հիմար խոստումներ տալով։ Միևնույն է, սպառողների մեծամասնությունը ոչ հասկանում է, ոչ էլ ուզում է հասկանալ նման խոստումների դեստրուկտիվությունը։

Հիմար խոստումները շատ են, ավելի շատ, քան վերոնշյալ հինգը, բայց այդ մասին՝ հաջորդ դասին, իսկ հիմա բավարարվենք այսքանով, որովհետև կասկած չկա, որ մինչւև ընտրությունները դեռ քննարկելու շատ հարցեր ենք ունենալու։