Tuesday, March 21, 2017

Պետրոսի մոտ ՀԱԿ-ը, Ազատ Դեմոկրատներն ու Ելքը լիարժեք ցուցաբերեցին իրենց գաղափարական սնանկությունը

Մի անմոռանալի քաղաքական բենեֆիսի ականատես եղանք երեկվա «Ուրվագծում»։ Ստացված պատկերն այնքան ողբերգական էր, որ անգամ ծիծաղելի էր։ Երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը իրեն ընդդիմադիր է հռչակել, իրար հոշոտում էին այնպես, ինչպես ոխերիմ թշնամիները անգամ չէին անի։

Հիմա ֆեյսբուքյան հանրությունը դրած քննարկում է հաղորդման էմոցիոնալ բաղադրիչը, ինչը, ըստ իս, երկրորդական հարց է, որովհետև նախևառաջ սա առհավատչյան էր այն գաղափարական սնանկության, որը պարուրել է ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Այո՛, կարելի է մեղադրել ՀԱԿ-ի ներկայացուցչին բառիս բուն իմաստով ոչ ադեկվատ ագրեսիվ վարքի մեջ (լարվածությունից խաղացող հայացքը վկա), բայց մի՞թե Ստյոպա Սաֆարյանը, կամ էլ Ալեն Սիմոնյանը պակաս էին անձնավորում։ Հետո՞ ինչ, որ դա ի պատասխան էր արվում։ Միևնույն է, որովհետև ստացվում է, որ ՀԱԿ-ից Նարեկ Սարգսյանը թելադրեց բանավեճի ձևաչափն ու պլինտուսի մակարդակը, նրանք էլ ընդունեցին այդ կանոնները ու մինչև վերջ դրանցով խաղացին։ Այնպես որ, բերեք լինենք անկեղծ․ անձնավորումների ու փոխադարձ վիրավորանքների առումով երեքն էլ միմյանց արժանի էին։

Միևնույն ժամանակ, եթե փորձենք փոխադարձ վիրավորանքների ու անձնավորված բույթի ռեպլիկներից զատ, առանձնացնել կուսակցությունների ծրագրային դրույթների վերաբերյալ հարցադրումներն ու մեկնաբանությունները, ապա տեսնում ենք, որ մեկը մյուսից անմեղսունակ են ցանկացած լուրջ բանավեճի համար։ ՀԱԿ-ի ներկայացուցիչը տեղում շշեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ու ավելի կշշեր, եթե աչքերը պլշած Ստյոպայի դեմքին թռնելու փոխարեն պարզապես նշեր, որ ԵԱՏՄ-ից ու ընդհանուր տնտեսական գոտուց դուրս գալը հղի է ֆատալ անդառնալի հետևանքներով մեր տնտեսության համար, անգամ եթե Ռուսաստանը չփորձի ոչ մի քաղաքական շանտաժի դիմել, որովհետև հենց հաջորդ օրը գազի գինը 150 դոլարից դառնալու է ասենք 450 դոլար, բայց դե էլի հերիք էր։ Կարող ենք արձանագրել, որ ոչ Ստյոպան, ոչ Ալենը ասելիք չունեին սրա շուրջ։

ՀԱԿ-ի Նարեկն էլ իր հերթին շշվեց այն պահին, երբ էլի սկսեց հող հանձնելուց։ Ախր պարոնայք ՀԱԿ-ականներ, այն, ինչ ասում է Տեր-Պետրոսյանը, շատ ավելի փափուկ է ու քողարկված երկիմաստ եսսիջներով, քան դուք, բայց անգամ դա հերիք էր, որ ժամանակին իրենց գահից գցեին։ Դուք անգամ այդ դիվանագիտությանը չեք դնում ու բացեյբաց հայտարարում եք, որ հող հանձնելը անհրաժեշտ է, իսկ ձեր տրամաբանությունը խարսխված է միայն մի բանի շուրջ, որ Ադրբեջանը պատրաստ է բավարարվել փոխզիջումով ու մի քանի ու թեկուզ բոլոր 7 շրջանների վերադարձով, ինչի օգտին խոսացող ոչ մի իրական փաստ չունեք ձեռքի տակ։ Ձեր համար միակ իրական փաստը այն է, որ Լևոն պապին ասել է, որ Ալիևը ռացիոնալ գործիչ է, ուստի չի կարող չհամաձայնվել։

Մի խոսքով, ընդամենը երկու ծրագրային դրույթ քննարկեցին, բայց կարողացան այդ երկու կետերով տոտալ ոչնչացնել միմյանց։ Կեցցեն բանախոսները, որովհետև ազնվորեն ի ցույց դրեցին այն անմխիթար վիճակը, որում գտնում է ոչ միայն ընդդիմությունը, այլ ամբողջ հասարակությունը ու մարդկանց քաղաքական գիտակցությունը։


No comments:

Post a Comment