Երբ «Ծառուկյան» դաշինքը հրապարակեց իրենց 15 քայլերի կոնցեպցիան, ինձ թվում էր, թե այս քարոզարշավում ավելի պոպուլիստական ու անիրատեսական ծրագիր չի լինի էլ, բայց այն բանից հետո, երբ այսօր ծանոթացա «ԵԼՔ»-ի ծրագրին, ակամայից սկսեցի խորը հարգանքով լցվել անգամ «15 Քայլի» հանդեպ։ Մոտս տպավորություն է, որ կուսակցությունները որոշել են պարզել մեր ազգաբնակչության բթամտության սանդղակը, որովհետև իրոք պետք է կատարյալ բութ լինել, որպեսզի լուրջ ընդունել նման ծրագրերը։
Ի հեպ, ներողություն եմ խնդրում, բայց եկե՛ք էլ չչարաշահենք «ծրագիր» բառը, որովհետև ցայսօր մեզ ներկայացնում են բաժակաճառերի ժողովածուներ, այլ ոչ թե լուրջ քաղաքական ու տնտեսական ծրագրեր։ Ու որ գոնե ինչ-որ առանձին ոլորտի մասով լիներ կենացային տրամադրություն, դեռ էլի կուտվեր, բայց «ԵԼՔ»-ում որոշել են, որ եթե կենացներ, ապա մինչև վերջ։
Վերլուծելու կարիք էլ չկա, որովհետև որ կետը վերցնես մառազմ է ու չի դիմանում նույնիսկ ամենապարզ հարցերի՝ ինչո՞ւ և ինչ միջոցներով։
Բանակի ու սպառազինության դրույթները կարդալիս, մոտս տպավորություն էր, որ այն գրել է մարդ, ում պատկերացումները բանակի ու սպառազինության մասին սկսվում և ավարտվում են «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի թրեյլերը դիտելով։ Մարդը բացարձակ պատկերացում չունի ոլորտից, բայց վստահորեն կարող է լավ կենացներ ու բարեմաղթանքներ ասել։ Մարդը չգիտի, որ ամբողջապես պայմանագրային զինծառայության անցնելը, այն էլ 5 տարում ոչ միայն անհնար է, այլև բացարձակ աննպատակահարմար է։ Մարդը չգիտի, որ այդ քանակությամբ պրոֆեսիոնալ զինծառայող պարզապես չունենք; Մարդը չգիտի, որ անգամ ունենալու դեպքում ու հաշվի առբելով իրենց մյուս խոստումները բանակի վերաբերյալ, մեր ռազմական բյուջեն երևի եռապատկելն էլ չօգներ։ Մարդը չգիտի, որ երբ ասում ես՝ սպառազինության առավել շատ սպառվող պահեստամասերի արտադրությունը ոչ միշտ է նշանակում դրանց ինքնարժեքի նվազում ու գրեթե երբեք չի նշանակում անհրաժեշտ որակի ապահովում։
Բանակի թեման մի կողմ; «ԵԼՔ»-ի արտաքին քաղաքական դոկտրինը ուսումնասիրելուց հասկանում ես, որ այս մարդիկ էլի բարի ցանկությունները շփոթել են իրականության հետ։ ԵՄ-ի հետ ասսոցացման համաձայնագիր են կնքում՝ առանց հաշվի առնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու բոլոր քաղաքական ու տնտեսական հետևանանքները։ Իրանից դեպի Վրաստան գազատար են կառուցում՝ առանց Իրանի կարծիքն ու էդ գազատարի համար անհրաժեշտ մի երկու միլիարդ դոլար փողն ունենալը։ Իրանի հետ երկաթգիծ են կառուցում՝ կրկին անգամ՝ չունենալով Իրանի հստակ պատրաստակամությունը։ Մի խոսքով՝ ի՜նչ խելքներին փչում ա, դա էլ ներառում են, որպես քաղաքական ծրագիր։
Իսկ առավել ֆեերիկ հիմարություն էր Խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծման ծրագիրը, որտեղ կընտրվեն դփյուռքի ներկայացուցիչները, ընդ որում՝ հենց սփյուռքից։ Պարոնյաք ինքնիշխանության ու պետականության ջատագովներ, կբացատրե՞ք, թե ի՞նչ աղերս ունի սուվերեն պետության հետ այլ երկրների քաղաքացիներից կազմված խորհրդարանի երկրորդ պալատը․․․
Ու էս ամեն ինչն էլ մի կողմ դնենք։ Բոլրո կետերն անխտիր դեկլարատիվ բնույթի են ու հիմնավորված չեն ոչ մի տնտեսական հաշվարկով։ Պարզապես դատարկ տողեր ու փուչ խոստումներ։
Ամո՛թ է, պարոնա՛յք, դուք մարդկանց իրո՞ք հիմարի տեղ եք դրել ու մտածում եք, որ կարելի է նման մանկապատանեկան խմբակի մակարդակի գրվածքով՝ ընտրողին խաբել։ Դե-դե, փորձեք, տեսնենք՝ ուր կհասնեք։
No comments:
Post a Comment