Ասել, որ ՀՀԿ-ական պատգամավոր ու Տաշիր Սամոյի հարազատ եղբայր հանդիսացող Կարեն ԿԱրապետյանի երեկվա ճեպազրույցը խիստ ուշագրավ էր, կնշանակի չասել ոչինչ։ Ըստ էության՝ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀԿ-ում կա որոշակի բաժանում։ Նման խոսակցություններ նախկինում էլ կային, բայց այն ժամանակ խոսքը գնում էր այսպես կոչված՝ Երիտթևի ու Ծերակույտի մասին, ինչը այդքան էլ լավ չի արտացոլում երևույթի բուն էությունը։ Կարեն Կարապետյանի շուրթերով երեկ տրվեց ավելի դիպուկ ձևակերպում՝ պրոգրեսիստներ և ռեգրեսիստներ։ Ասել է թե՝ մաս, որը ցանանում է որոշակի փոփոխություններ ու ռեֆորմներ և մաս, որը ուզում է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։
Եթե խիստ ընդհանրացված խոսենք, ապա մի թևում Կարեն ու Սամվել Կարապետյանների ու վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ կոնսոլիդացվող թևն է, իսկ մյուս թևում ընտրակեղծարարության, ծեծուջարդերի, ռեյդերության, կոճակսեղմության ու այլ ավանդական հանրապետական «բարքերի» սիրահարները։ Ընդ որում, պետք չէ վարդագույն ակնոցներով նայել ռեֆորմատորներին, ոչ էլ չափազանց խիստ դատել ռեգրեսիստներին։
Օրոգրեսիստները՝ լինելով բավականին բարձր մակարդակների հասած հաջողակ բիզնեսմններ, անհաղորդ չեն պրագմատիզմ ասվածին և քաջ գիտակցում են, որ եթե ինչ-որ շոշափելի փոփոխություններ չարվեն երկրի տնտեսությունում ու հասարակության մտածելակերպի մեջ, ապա նրանք չեն կարողանա պահպանել ո՛չ իշխանությունը, ո՛չ իրենց բարեկեցությունը Հայաստանում արդեն առաջիկա մի քանի տարիներում։ Հայաստանի Հանրապետությունը շատ մոտ է իր ամրության ռեսուրսը սպառելուն, իսկ երբ այն սպառվի, կսկսվի քաոս, որը չի բխում ոչ մեկի շահերից։
Ռեգրեսիստներն էլ իրենց պատկերացումներն ունեն։ Անպայման չէ, որ նրանք չարամիտ դիտավորությամբ ընդդիմանան բարեփոխումներին ու նոր քաղաքական մշակույթի կայացմանը։ Պարզապես այս մարդիկ գործելու ուրիշ եղանակներ չգիտեն ու չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է ինտեգրվել մի համակարգի, որտեղ ավելի բարդ է թալանել, չի կարելի այդքան զոռբայություն անել ընտրական պրոցեսսների ժամանակ, պետք է հայերեն գրել-կարդալ իմանալ և այլն։
Արդյունքում, առաջանում է շահերի բախում, որի կուլմիացիոն կետը լինելու ոչ թե նախընտրական փուլում, ոչ էլ անգամ հենց ընտրություններ օրը, այլ հետընտրական վերաբաշխման փուլում, երբ վերջնականապես պարզ կդառնա, թե որքան իրական պոտենցիալ ունի Կարապետյան եղբայրների ու Կարեն Կարապետյանի տանդեմը։
No comments:
Post a Comment