Գլոբալիզացիան շատ հախուռն ներխուժեց մեր երկիր ու միանգամից բոլոր կողմերից։ Երևի այս կերպ կարելի է ողջամտորեն բացատրել այն փաստը, որ Արաբկիրի թաղապետ կարգված դաշնակցական մի ինդիվիդ, ով հայտնի է ճչուն ու ֆիքստուլ մականուններով (Լիդեր Հովո, Դաշնակ Հովո), իր կյանքի «երիտասարդ ռոմանտիզմի» փուլում մոռացել է, որ ինքը ոչ սամուրայ է, ոչ էլ անգամ Յակուձայի բանդիտ, այլ իրավապահ և ի նշան իր անձնական հավատարմության՝ կտրել է սեփական ճկույթը։ Կամ էլ մենք ինչ որ բան չգիտենք ու այսքան ժամանակ սխալ էինք կարծում, որ ՀՅԴ հապավման մեջ «Յ» տարռը «Յեղափոխական» է նշանակում։ Պետք է լիներ Հայ Յակուձայական Դաշնակցություն ու միակ անհամապատասխանությունն այս դեպքում կմնար նման ստորաքարշ ստրկամտություն դրսևորողի Լիդեր մականունը։
Սակայն եկեք լուրջ խոսենք ու մի կողմ դնենք հեգնանքը։ Իրականում, այս զավեշտի աստիճան աբսուրդ նշանակումը մի շատ ավելի խորքային խնդիր է բացում։ Դատեք ինքներդ․ դաշնակները մի քանի տարի շարունակ քննադատում ու կշտամբում էին իշխանություններին տարբեր մահացու մեղքերի, այդ թվում նաև՝ ոչ հարիր կադրային քաղաքականություն իրացննելու համար, իսկ երբ եկավ իրենց հերթը, երբ պետք է լավ ու որակյալ կադրերով առողջացնել պետական համակարգը, նրանք բերում են կերպարների, որոնց համեմատ նույնիսկ Շմայսն այլևս այդքան ռադիկալ կերպար չի թվում, որովհետև սա գոնե մենակ հայհոյում է ու անդամախեղման հակվածություն չի ունենում ռոմանտիզմի սրացումների պատճառով։
Ու խնդիրն իրականում դաշնակցությունը չէ։ Խնդիրը ողջ ընդդիմադիր դաշտն է։ Տարիների ընթացքում այստեղ այնպիսի ամայացում է տեղ գտել, որ հիմա որ կուսակցությանն էլ ասեն, որ իրենց X թվով պաշտոններ են հատկացվում, մենակ թե նորմալ մարդկանց թող առաջադրեն, նրանք էլ նույն խնդրին են բախվելու, ինչ ՀՅԴ-ն, իսկ սա բացառում է այդ դաշտը՝ գործող իշխանությունների այլընտրանք դառնալը, որովհետև դեռ հարցական է, թե ովքեր ավելի վատ կլինեն՝ բարձր պետական պաշտոններ զբաղեցնելիս։
No comments:
Post a Comment