ԲՀԿ-ն ակտիվորեն կազմաքանդվում ու «նիհարում է»։ Կուսակցությունում ոմանք դա անվանում են ինքնամաքրում, կուսակցությունից դուրս ոմանք դա համարում են առնետավազք, կամ էլ՝ ողջամիտ որոշում, սակայն ավելի ճիշտ է այս պրոցեսսը դիտարկել այնպես, ինչպես այն կա․ սա օբյեկտիվ գործընթաց է ու զարմանալի կլիներ, եթե այն չլիներ։
ԲՀԿ-ի խնդիրը իրականում նոր չէ, ոչ էլ բացառիկ է։ Այս կուսակցությունը երբեք հիմբված չի եղել ինչ որ կուռ գաղափարախոսության վրա, այլ հենված է եղել մեկ մարդու հեղինակության վրա։ Երբ այդ մարդը չկա, կուսակցական կառույցը սկսում է երերալ ու դրանից սկսվում են առանձին բեկորներ պոկվել։ Կա նաև փուլ գալու հավանականություն, որովհետև այդ հենասյանը փոխարինած նոր հենասյուները անգամ գումարային էկվիվալենտով համարժեք չեն Ծառուկյանին։
Պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ ավտորիտարիզմը թեև ավելի արդյունավետ կառավարման հնարավորություն է տալիս, քանի որ բոլորը ուղղահայաց ենթակայության տակ են, բայց այն իր հետ բերում է նաև ավտորիտարիզմին հատուկ ռիսկեր, որոնցից հիմնականին էլ առերեսվում ենք ԲՀԿ-ի օրինակով․ երբ ինչ-ինչ պատճառներով ասպարեզը լքում է այն կերպարը ու անձի շուրջ կառուցված է համակարգը, այդ համակարգը սկսում է փուլ գալ, առավել ևս, եթե նախորդին փոխարինելու եկած հեղինակությունները չունեն հեղինակության ու միջոցների այն ռեսուրսը, որն առկա էր նախորդողի պարագայում։
Ի դեպ, հենց այս հիմնախնդրի պրիզմայից էլ անխորտակելի է ՀՅԴ-ն։ Ճիշտ է, եթե այն համեմատենք նավի հետ, ապա առնվազն ՀՀ-ում ՀՅԴ-ն վաղուց վեր է ածվել խարխուլ մակույկի, բայց այնտեղ չկա նկարագրված խնդիրը։ Դաշնակցության պարագայում իրականում նշանակություն չունի, թե ովքեր են ներկայացնում կուսակցական վերնախավը ու նրանք հանգիստ կարող են ռոտացիա անել, որովհետև ՀՅԴ-ն ի վերջո ունի որոշակի գաղափարախոսական հենք (թե որքանով է այն հավատարիմ դրան՝ առանձին քննարկամն թեմա է), որն անփոփոխ է, ինչի շնորհիվ էլ այս կուսակցությունում լիդերների փոփոխությունը չի բերում բեկումնային անկման, ինչպես դա հիմա ԲՀԿ-ում է։
No comments:
Post a Comment