Քաղաքականության մեջ ոսկե օրենք է, որ միշտ ավելի հեշտ է ընկերություն անել ինչ որ մեկի դեմ, քան ինչ որ գաղափարի շուրջ։ Այլ կերպ ասած, քաղաքական միավորները ավելի մեծ հավանականությամբ են կոնսոլիդացվում ու միահամուռ թիմային վարք դրսևորում, երբ ունեն արտաքին հակառակորդ, այլապես ստիպված են այդ կոնսոլիդացման ռեսուրս փնտրել իրենց գաղափարախոսության ու այլ աբստրակտ կատեգորիաների մեջ, որոնցով մեր քաղաքական կուսակցություններից և ոչ մեկն էլ չի փայլում։
Ու հիմա, երբ Հայաստանում ընդդիմություն ասվածը ներկայացված է մի խումբ մարգինալիզացված քաղաքական գործիչներով ու բացահայտ ծաղրածուներով, իշխանական ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի համար այդ արտաքին ազդակը, որի դերը կատարում էր ընդդիմությունը, դադարել է գոյություն ունենալ։ Դրան զուգահեռ, ՀՀԿ-ն ոնց կար անգաղափար, փողի ու հեղինակության շուրջ կառուցված քաղաքական ուժ, այնպես էլ մնացել է ու քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում օրըստօրե ավելի ու ավելի են սրվում ներկուսակցական բևեռների հարաբերությունները։
Սա արտահայտվում է տարբեր մակարդակների վրա ընթացող աթոռակռիվներով ու խնամի-բարեկամանական լոբբինգով։ Ու գնալով ավելի անթաքույց է դառնում ՀՀԿ-ի կազմում արդեն հին պատմություն ունեցող ավանդական երիտթևի ու ծերերի առճակատումը։ Խնդիրն էլ ավելի է սրվում նրանով, որ այս հակամարտությունում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնցից ամենաէականը թերևս «Ծերերից» որոշների զավակները արդեն մեծացել ու առնականցել են և ըստ իրենց հայրիկների, արդեն հրաշալի թեկնածուներ են տարբեր պաշտոններ զբաղեցնելու համար, որոնք սակայն տարօրինակ զուգադիպությամբ զբաղեցված են երիտհանրապետական թևի ներկայացուցիչների կողմից․․․
Այս համատեքստում առավել քան ակնառու է Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ գզվռտուքի նոր եթերաշրջանը, որը դատելով մամուլի հրապարակումներից, արդեն մեկնարկել է ու հիմա Տարոն Մարգարյանի կտակը վիճարկում են մի կողմից Գաագիկ Բեգլարյանը, ում համար Երևանի քաղաքապետ լինելը դարձել է իդեա ֆիքս և Մհեր Սեդրաակյանը, ով կյանքի նպատակ է դարձրել իր որդուն տեսնել այս պաշտոնում։
Թե ինչ արդյունք կունենա հերթական ներհանրապետական այս գզվրտոցն, առայժմ դժվար է ասել, բայց մի բանում կարելի է վստահ լինել․ քանի դեռ հորիզոնում չկա որևէ քաղաքական ուժ, որը կկարողանար գոնե տեսականորեն մարտահրավեր նետել ՀՀԿ-ին, այս կուսակցության ներսում իրար միս ուտելը հա էլ լինելու է ու գնալով ավելի է սաստկանալու։
No comments:
Post a Comment