Երեկ ՀՀ նախկին վարչապետ ու արդեն նախկին դեսպան Տիգրան Սարգսյանը ստանձնեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոնը ու մինչ ոմանք սկեպսիսով ու սարկազմով են արձագանքում այս իրողությանը, այս որոշումը շատ ավելի հեռահար նպատակներ ունի ու շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՏՄ-ի համար։
Պետք է հասկանալ, որ ԵՏՄ անդամ բոլոր պետություններից միակը, ով վերազգային կառույցի ինտեգրացիոն պրոցեսսների երկար ու պտղաբեր փորձ ունի, դա Հայաստանն է ու այդ փորձի հիմնական մասը կուտակվել է հենց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Խոսքն իհարկե ԵՄ-ի հետ համագործակցության մասին է, երբ 2008 թվականից մենք ինտենսիվ ռեֆորմներ էինք անում, որպեսզի կարողանանք ԵՄ-ի հետ ասսոցացման պայմանագիր ստորագրել ու հանուն դրա, բավականին մեծ ինտեգրացիոն պրոցեսսներով անցանք։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ պրոցեսսների մտավոր կենտրոնը հենց Տիգրան Սարգսյանի թիմն էր ու հիմա նրա գիտելիքներն ու փորձը դարձել են խիստ ակտուալ ու անհրաժեշտ՝ ԵՏՄ կոնտեքստում։ Բոլոր այն արդյունավետ ու լավ մեխանիզմները, որոնք առկա են ԵՄ-ում ու հասու են եղել մեզ, այժմ փորձ է արվելու իմպլեմենտացնել ԵՏՄ-ում, իսկ դրա համար պետք է 5 անդամ երկրների օրենսդրությունների ու տնտեսությունների արդյունավետ սինխրոնիզացիա, որը չի կարող լինել ինքն-իրեն։
Հենց սրա համար էլ Պուտինի ընտրությունը կանգ է առել Տիգրան Սարգսյանի թեկնածության վրա, քանի որ ԵՏՄ անդամ երկրներից ամենասերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ ու հհետևաբար, նաև ամենասերտ ծանոթությունը դրա ինտեգրացիոն մեխանիզմների հետ ունեցել է հենց Հայաստանի Հանրապետությունը։ Սա զուտ իմիջային գործոնից բացի, բավականին մեծ տեսական հնարավորություներ են ստեղծում մեզ համար հեռանկարում, պայմանով, որ Տիգրան Սարգսյանը չի մոռանալու իր ազգային պատկանելիության մասին։ Եթե Սարգսյանին հաջողվի այդ մեխանիզմները գործարկել ԵՏՄ-ում, նա՝ անհատապես ու Հայաստանը՝ առհասարակ, կդառնան շատ ավելի ազդեցիկ ու ծանրակշիռ գործոններ՝ ԵՏՄ-ի տիրույթում։
No comments:
Post a Comment