Այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցի ամենակարևոր մեսսիջը ոչ թե վարչապետի ու իր հարաբերություններն էին, ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալ չգալն է, ոչ էլ անգամ չարաբաստիկ 15 միլիարդ դոլար ներդրում բերելու թեմաներն էին։ Գլախվոր ու երևի միակ մեսսիջը հետևյալն էր․ Ծառուկյան դաշինքը պատրաստ է կոալիցիայից, իսկ եթե կոալիցիա չլինի էլ, ապա առճակատվելու ոչ մի ցանկություն չունի գործող իշխանությունների դեմ։
Սա նշանակում է, որ քաղաքական օրակարգի ամենասուր հարցերը շարունակելու են լինել ԵԼՔ-ի չարաճճիությունները՝ փողոցների անվանափոխության, ռաբիզն արգելելու ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով։ Եթե չլինեն ֆորսմաժորներ, ապա շա՜տ պասիվ աշուն է սպասվում։ Ֆորս մաժորներ ասելով՝ պետք է հասկանալ ՊՊԾ-ի գրավման տիպի գործողություններ, որովհետև ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական դաշտում չկան որևէ քիչ, թե շատ նշանակալից ու ներկայացուցչական միավորներ, որոնք կարող են հեծնել նման պրոցեսսներ, էլ չխոսենք դրանք կազմակերպելու մասին։
Ծառուկյանի մեսսիջը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Երբ երկրի երկրորդ խոշորագույն ուժը հայտարարում է իր լոյալության մասին՝ առաջին ուժի նկատմամբ, դա կատակ բան չէ, քանի որ անկախ ընդդիմության լալահառաչ ու հնամաշ հայտարարություններից՝ կեղծված ընտրությունների մասին, մեզանից յուրաքանչյուրը տեսել է ու տեսնում է իր կողքը այն լուռ մեծամասնությանը, որ սուսուփուս գնում և քվե է տալիս ՀՀԿ-ին, Ծառուկյան դաշինքին, ՕԵԿ-ին և այլ ուժերի, որոնց առավել հաճախ են մեղադրում կեղծարարության մեջ։ Այլ հարց է, թե ով՝ հանուն ինչի ու ինչքանի դիմաց է դա անում, բայց փաստացի՝ անում է։ Եվ ուրեմն, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրոք ունեն այն հարյուր հազարավոր քվեները՝ անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում այս եղելությանը։
Մյուս եղելությունն էլ կայանում է նրանում, որ երբ քվեների մոտ 80 տոկոսը ստացած քաղաքական ուժերը հայտարարում են, որ առճակատման մեջ չեն ու հավատարիմ են մնում այդ ձևաչափին, ապա ոչ մի ներքին թեմա չի կարող թեժ քաղաքական օրակարգ ապահովել։ Դա հնարավոր է միայն արտաքին միջամտության դեպքում, մեկ էլ պատերազմի։
Մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ այնուամենայննիվ 2018-ը սարերի հետևում չէ և այս անդորրն իրականում փոթորկին նախորդող լռությունն է։ Մոռանալ պետք չէ, բայց քաղաքական ապոկալիպսիս սպասել էլ պետք չէ։
No comments:
Post a Comment