Նախընտրական կապիկությունը՝ քարոզարշավը, մեկնարկել է, քաղաքական ուժերը, իրար հերթ չտալով, հանդես են գալիս դարակազմիկ ծրագրերով ու նախընտրական խոստումներով։ Իհարկե, այնպես չէ, որ նախորդ ընտրություններին եղել է պոպուլիզմի ու անիրականանալի խոստումների պակաս, և այս առումով սրբեր չկան մեր քաղաքական դաշտում, բայց այս քարոզարշավն առանձնանում է եզակի բառադի խոստումներով։ Ճիշտ է, դեռ ոչ բոլոր ուժերն են ի լուր աշխարհի հայտնել իրենց ծրագրերի մասին, բայց որոշեցի առանձնացնել այս փուլում հնչած ծրագրերից ու հայտարարություններից թոփ 5 ամենաբառադի տարբերակները, որոնք երբեք ու ոչ մի պարագայում չպետք է կյանքի կոչել։ Ընդ որում՝ չեմ էլ ցանկանում ֆիքսվել, թե որ ուժերից են գալիս այդ խոստումները, քանզի ավելի կարևոր է այդ խոստումների մարազմատիկությունը ցույց տալ, ոչ թե դրանց ծննդավայրը։
1․ 18 տարեկանները չպետք է բանակ գնան
Պատերազմի մեջ գտնվող պետության պարագայում, սա պարզապես ինքնասպանություն է։ Շատ է խոսվում պրոֆեսիոնալ բանակի ու սենտիմենտների մասին, բայց պրոֆեսիոնալ բանակ ունենալը նախ՝ շատ թանկ է, երկրորդը՝ պարզապես անիրատեսական ու անիրականանալի՝ առնվազն առաջիկա կես դարի համար։ Դրա համար մենք չունենք ո՛չ բավարար նյութական ռեսուրսներ, ո՛չ էլ մարդկային ռեզերվներ, որովհետև պետք է հստակ հասկանալ, որ քանի դեռ արցախյան հակամարտությունը հանգուցալուծված չէ, անգամ 60-70000-անոց ռեգուլյար բանակը բավականաչափ մեծ չէ, իսկ նման քանակության պրոֆեսիոնալ զինվոր պահելը եթե անգամ մեր գրպանի գյորա լիներ, դեռ պետք էր այդքան պրոֆեսիոնալ կադր ունենալ։ Էլ չխոսենք այն մասին, որ այս թեզի մեջ մի շատ սկզբունքային արատ կա․ տպավորություն է, թե արժեք ունի միայն 18 տարեկանի կյանքը, իսկ եթե զոհվում է, օրինակ, 30 տարեկան պայմանագրային, դա արդեն խնդիր չէ։
2․ Հայաստանը նավթ ու գազ ունի
Եվս մի հիմար, պոպուլիստական դրույթ։ Այո՛, Հայաստանն ունի նավթի ու գազի պաշարներ, բայց սլանցային։ Անիրազեկ մարդուն դա ոչինչ չի հուշում, բայց եթե տնտղեք Գուգլով, ապա շատ հեշտ կպարզեք, որ սլանցային նավթի ու գազի արդյունահանումն ունի երկու, խիստ մեծ թերություն՝ աղետալի հետևանքներ շրջակա միջավայրի համար և խիստ բարձր ինքնարժեք։ Որպեսզի էլ ավելի առարկայական պատկերացնեք, թե ինչ անհեռանկարային բան է սլանցային նավթի ու գազի արդյունահանումը, ասեմ, որ, օրինակ, ԱՄՆ-ում նման էներգակիրների արդյունահանումը գրեթե դադարեց նավթի գների անկումից հետո, որովհետև սլանցային նավթի մեկ բարելի արդյունահանման ինքնարժեքը հասնում էր մինչև 80 դոլարի, մինչդեռ հիմա նավթի բարելի գինը գտնվում է 60 դոլարի սահմաններում, իսկ, օրինակ, Սաուդյան Արաբիան իր նավթն արդյունահանում է բարելը՝ 4 դոլար ինքնարժեքով։ Էլ ավելի պարզեցնելով միտքը՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի համար ավելի էժան է նավթ ներկրելը, քան արդյունահանելը, ընդ որում՝ ներկրումը չի վնասում մեր էկոլոգիային։
3․ Արագաչափերի ու տեսախցիկների վերացում
Շատ լավ կենաց է։ Այս տրամաբանությամբ կարելի էր ընդհանրապես լուծարել ճանապարհային երթևեկության կանոնները և ոստիկանության պետավտոտեսչությունը։ Տպավորություն է, որ հայ վարորդներն աշխարհի ամենակարգապահն են, բայց այս չարաբաստիկ արագաչափերն ու տեսախցիկները դրեցին զուտ հալածելու համար։ Արագաչափերի ու տեսախցիկների հետ կապված իրական ու ռացիոնալ դժգոհությունը պայմանավորված էր այն փաստով, որ տուգանքներից առաջացած միջոցները գնում էին մասնավոր սեփականատիրոջը, բայց այդ խնդիրն էլ չկա, քանի որ ոլորտը պետականացվեց, ու հիմա այդ միջոցներն ուղղվում են բյուջե։ Կարելի է, իհարկե, քննարկել քաղաքում տեսախցիկների նվազեցման հարցը կամ էլ որոշակի խախտումների մասով զիջողականություն դրսևորել, քանզի երևանյան ճանապարհային ենթակառուցվածքը նախատեսված չէ այս քանակությամբ ավտոտրանսպորտ սպասարկելու համար, բայց հրաժարվել տեսախցիկներից ու առավել ևս՝ արագաչափերից ոչ միայն տնտեսապես արդարացված չէ, այլև տրանսպորտային ապոկալիպսիս հրահրելու լավագույն բանաձևն է։
4․ Բուհերում վարձի պատճառով հեռացումների բացառում
Երևի պետք է գոհ լինենք, որ չեն խոստացել, որ բուհում սովորելու վարձավճարներն առհասարակ կվերացնեն, բայց անգամ այս տարբերակը խնդրահարույց է։ Նախ՝ բարդ է հասկանալ, թե ինչպես են որոշելու բարձր առաջադիմության այն սանդղակը, ըստ որի՝ անգամ վարձը չվճարելու պարագայում ուսանողին չեն հեռացնելու բուհից, երկրորդը՝ հերթական անգամ հագուրդ ենք տալիս հայկական ամենատարածված ֆետիշին՝ դիպլոմացավին։ Զուտ տեսական հավանականություն քննարկելիս, չե՞ք կարծում, որ ավելի նպատակահարմար է կոռուպցիայի դեմ պայքարելը բուհերում, որպեսզի անվճար համակարգում անարժաններ չհայտնվեն։ Երրորդը՝ արդյո՞ք բուհում անվճար սովորելը հիմնական խնդիրն է երիտասարդության համար։ Ենթադրենք՝ մարդն անվճար սովորեց ու ավարտեց․․․ Ո՞ւմ է պետք իր կարմիր կամ կապույտ դիպլոմը, եթե մեր աշխատանքային շուկան առանց այն էլ չի կարողանում ապահովել բավարար թվով առաջարկ այդքան մասնագետի համար։ Սակայն, ինչպես հասկանում ենք, սա պարզապես մի կետ է՝ դիպլոմապաշտներին գրավելու համար, դրանից ոչ ավել։
5․ Փոքր ու միջին բիզնեսի՝ հարկերից ազատում
Այս խոստումը իսկական մղձավանջ կլիներ, եթե կյանքի կոչվեր, բայց, բարեբախտաբար, հասկանում ենք, որ սա պարզապես բաժակաճառ է։ Հասկանում եմ, որ միջին վիճակագրական հայաստանցին արդար երկիրը պատկերացնում է հենց այդպես՝ որ ինքը ոչինչ չվճարի ու միայն ստանա, բայց փոքր ու միջին բիզնեսին հարկերից ազատելը նշանակում է կես տարում վարի տալ երկրի տնտեսությունը։ Կարելի էր առաջարկել ավելի ողջամիտ ու ճկուն հարկային օրենսդրություն մշակել, չէ՞։ Կարելի էր հարկերի պրոգրեսիվ սանդղակ կիրառել ու էլի այլ բաներ, բայց չէ, բերեք միանգամից ասենք, որ էլ հարկեր չեք մուծելու։ Մեկ է, երբեք նման քայլի չենք գնա, փոխարենը՝ ժողովուրդը կհավանի։ Հարկերից ազատել չի՛ կարելի անգամ փոքր բիզնեսին, որովհետև առաջին բանը, որ կլինի, ստագնացիան է։ Մարդիկ պարզապես չեն ցանկանա խոշորացնել իրենց բիզնեսը, այլ կգերադասեն մի քանի հատ մանր բիզնես պահել՝ ֆիկտիվ անձերի կամ էլ այլ ոլորտներում բիզնես ծավալելու միջոցով։ Սակայն, ինչպես նշվեց, սա լոկ կենաց էր, այլ ոչ ծրագրային դրույթ։
No comments:
Post a Comment