Ուղիղ մեկ տարի առաջ մեկնարկեծ մի հեռուստանախագիծ, որն իր ֆորմատով բացարձակ նորություն էր ոչ միայն հայկական հեռուստատեսության, այլը հայաստանյան բաց քաղաքականության ասպարեզում։ Խոսքը սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում անցկացվող «Այո/Ոչ» նախագծի մասին է։
Հանրաքվեն եղավ, դրա արդյունքներն արձանագրվեցին ու շուտով մենք արդեն կապրենք նոր սահմանադրական իրականություն, բայց մի տեսակ անարդարացիորեն մոռացվեց «Այո/Ոչ»-ը։ Իրականում, եթե հետհայացք գցենք, ապա կարելի է հանգիստ խղճով ասել, որ այդ նախագիծը թերևս ամենանշանակլից ձեռքբերումներից մեկն էր, որ ունեցել ենք ակտուալ քաղաքական դաշտի վերջին տարիներում, քանի որ առաջին անգամ էր, որ այս մասշտաբով հարթակ էր տրամադրվում բաց քաղաքականություն վարելու համար։
Անկախ կարծիքների տարբերություններից, մի բան աներկբա է․ դեռ երբեք չէր եղել մի նախագիծ, որտեղ ինչ որ հարցի շուրջ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ դավանող քաղաքական ուժերն ու գործիչները հնարավորություն ունենային քաղաքակրթության նորմերը դույզն ինչ չխախտելով, արտահայտեին ու քարոզեին իրենց հայացքները և միևնույն ժամանակ կադրում և կադրից դուրս բավականին յուրահատուկ, իսկ տեղերում էլ՝ զավեշտալի մարդկային հարաբերություններ պահեին։
Ավելին ասեմ․ սա թերևս առաջին անգամն էր, որ համազգային նշանակություն ունեցող ինչ որ ռեֆորմի քննարկումներն արվում էին լայն լսարանի համար ու ոչ միայն հեռուստաէկրանից, այլև հենց տեղերում։ Ի վերջո, նախագծի մասնակիցները այցելեցին Հայաստանի ողջ տարածքով մեկ տեղակայված տասնյակ բնակավայրեր ու համայնքներ՝ փորձելով իրենց տեսլականը ներկայացնել ու ընդունելի դարձնել հայաստանցիների համար։
Կարծում եմ՝ մեր քաղաքականությունը նման նախագծերի պակաս շատ է զգում ու այս ֆորմատը դեռ ասելիք ունի Հայաստանում, քանի որ արդեն մոտ ապագայում Հայաստանում նոր քաղաքական եթերաշրջան է սպասվում, իսկ «Այո/Ոչ»-ի ֆորմատը արդեն ապացուցել է իրեն՝ որպես կենսունակ ու խոստումնալից։
No comments:
Post a Comment