Առջևում խորհրդարանական ընտրություններն են ու տարբեր քաղաքական թիմեր և անհատ ֆիգուրներ արդեն ձեռնամուխ են եղել քարոզչությանը: Դե բնականաբար, ակտուալ թեմաների ընտրության հարցում էլ օրիգինալություն չեն ցուցաբերել. պատերազմ, ռազմական արդյունաբերություն, սպառազինության գնում և պատրաստում։ Մեկը ՀՕՊ ընդհանուր համակարգն է համարում պատուհաս ու «օդի հանձնում», մյուսն ընդհանրապես մուննաթ է անում, որ Հայաստանն ինքը իր կործանիչները չի արտադրում, երրորդները արդեն մոտ ապագայում նանոտեխնոլոգիաներ ու մարատական ռոբոտներ են խոստանում, եթե իրենք գան իշխանության։ Մի խոսքով, խեղկատակություն և ուրիշ ոչինչ։
Ինչքան ասես կարելի է քննադատել գործող իշխանություններին ու դրան նախորդած բոլոր իշխանություններին, որովհետև ակնհայտ է, որ ոչ պատերազմի օրոք, ոչ դրան հաջորդած հարաբերական անդորրի 22 տարիներին չի արվել այն առավելագույնը, որ կարող էր ու պետք է արվեր։ Ակնհայտ է, որ մենք ունենք բազմաթիվ խորքային ու մակերեսային խնդիրներ, որոնցից շատերը կարելի է լուծել՝ այս կամ այն աստիճանի ճիգեր գործադրելով։ Սակայն երբ այդ հարցերի քննարկումը տեղափոխվում է հեքիաթասածության և վարդագույն երազանքների դաշտ, դա արդեն լուրջ չէ։ Ավելին ասեմ՝ խիստ վնասակար կարող է լինել, եթե հաշվի առնենք, որ պատերազմով երկիր ենք։
Անդարադառնանք մասնավորապես ռազմական արդյունաբերության հիմնահարցին։ Օրինակ՝ Փաշինյանը լուրջ դեմքով հայտարարում է, որ Հայաստանը պետք է իր կործանիչ ինքնաթիռներն արտադրի։ Իհարկե, Փաշինյանը բավականին սուր գրիչ ունի և գուցե փայլուն խմբագիր է, Փաշինյանը բավականին ռադիկալ, բայց հաջողակ հռետոր է, նա արդի հայաստանի ամենաակնառու հրապարակային գործիչներից է, բայց նման հայտարարություն անելով, նա ցույց է տալիս, որ կա՛մ խայտառակ դեմագոգ է, կա՛մ բացարձակ չի տիրապետում տվյալ թեմատիկային։
Ռազմական արդյունաբերությունը դա կարտոֆիլ աճեցնել չի։ Դա ամենաբարդ ու տեխնոլոգիական տնտեսական ճյուղերից է և միայն ցանկությունը քիչ է, որպեսզի թեկուզ 20 տարում դուրս գալ ինքնուրույն արտադրության։ Նույն Իսրայելից պահանջվել են տասնամյակներ, հարյուրավոր միլարդ դոլարների հասնող ներդրումներ ու տեխնիկա-տեխնոլոգիական համապարփակ աջակցություն ԱՄՆ-ի կողմից, որպեսզի յուրացնի նման մակարդակ։ Գուցե Փաշինյանն ու նրա կարծիքը կիսողները գիտեն բաներ, որոնք հասարակ մահականցուներիս հասու չեն, բայց այս պահին այդ հարցերը բաց են։ Բաց են նաև հարցերը, թե որտեղից ենք բերելու այդ ինքնաթիռների պատրաստաման համար անհրաժեշտ հումքը (ալյումին ու տիտան), որտեղից ու ինչ միջոցներով ենք ճարելի դրանց էլեկտրոնիկան ու այլ բարդ սարքավորումները, որտեղ ենք ինքնաթիռները պատրաստելու և որ պակաս կարևոր չէ՝ ինչ նպատակներով ենք դրանք օգտագործելու։
Սրանք հռետորական հարցեր են իհարկե, որովհետև վստահաբար միայն ծալապակասը կարող է հավատալ նման բաների, իսկ մեր պոպուլիստները, որպես կանոն, ծալապակաս չեն, բայց դե խամ և անփորձ լսարանի համար նման թեզերը համոզիչ են հնչում։ Ու հենց դա էլ վտանգավոր է, որովհետև շեղում է մարդկանց իրոք ակտուալ խնդիրներից և տեղափոխում Օստապ Բենդերի ուտոպիաների դաշտ։
No comments:
Post a Comment